Ադրբեջանն ամեն միջոցի դիմելու է` իրավական գործընթացները վիժեցնելու համար. «Հրապարակ»

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:

– Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման շրջանակներում տեղեկություններ կան, որ ադրբեջանական կողմը պահանջ է դրել Հայաստանի առաջ` հետ վերցնել Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ-ում բոլոր հայցերը, այդ թվում` հայ ռազմագերիների վերաբերյալ: Եթե իրապես կա նման պահանջ, ի՞նչ քայլեր կարող են հաջորդել դրան: Արդյո՞ք այդ մոտեցմամբ ձեր տարիների աշխատանքը չի զրոյանա, եւ գերիների հարցը չի մնա օդից կախված:

– Սկսենք այն ասպեկտից, թե հայցերի հրաժարման հարց իսկապե՞ս դրել է ադրբեջանական կողմը, թե՞ ոչ: Կարծում եմ՝ այս կարեւոր հարցը պետք է մեկնաբանեն Հայաստանի իշխանությունները: Դիտարկելով ադրբեջանական կողմի վարքը՝ կարող ենք ասել, որ նման պահանջ թելադրվելու է, եւ անխուսափելիորեն այս հարցերը քննարկվում են Հայաստանի իշխանությունների հետ: Կարծում եմ` ադրբեջանական կողմն առավելապաշտական մոտեցմամբ է գործում, հստակ ձեւակերպելով, որ ոչ մի փաստաթուղթ չի կարող ստորագրել` առանց հայցերի հրաժարման: Սա բխում է Ադրբեջանի շահերից: Նրանք արդեն իսկ ցավոտ վնասներ են կրել իրավական գործընթացներում, մասնավորապես՝ ՄԻԵԴ-ում կան շատ լուրջ դատական ակտեր` մեկ տասնյակից ավելի, որոնք արձանագրում են ադրբեջանական կողմի` մարդու իրավունքների կոպտագույն խախտումների մասին, ավելին` կան այնպիսի հիմնավորումներ, որտեղ նշված է, որ Ադրբեջանի պետական քաղաքականությունը հայերի դեմ հայատյաց, ռասիստական մոտեցում է ցուցաբերում: Այդ դատական ակտերն արձանագրում են, որ պետությունը ոչ միայն բարձր մակարդակներով խախտում է մարդու իրավունքները, այլեւ հովանավորում է հանցագործներին, անգամ՝ սպանությունների եւ խոշտանգումների հարցում: ՄԻԵԴ-ը կարծում է, որ արդյունավետ քննության առարկա պետք է դառնան մշտապես հանցագործությունների կատարման մոտիվները, կապված զոհերի` հայ լինելու հայտանիշի հետ: Մենք նաեւ տեսանք Միջազգային արդարադատության դատարանում Հայաստանի հաղթանակը: Իհարկե, սա վերջնական չէ, սակայն այս փուլում Հայաստանը կարողացավ հաղթահարել ադրբեջանական առարկությունները, գործը թեւակոխելով հաջորդ փուլ: Առաջիկայում դատարանը դիրքորոշում պետք է ձեւավորի սահմանափակ հարցերի վերաբերյալ: Ադրբեջանը գիտակցում է, որ իրավական պահանջատիրության եւ իրավունքների խախտումների արձանագրման արդյունքում իր ռազմաքաղաքական ավարը կարող է չլեգիտիմացվել: Ադրբեջանը ցավագին է վերաբերվում իր պարտություններին, որոնք երաշխավորված են իրավական հարթակներում, եւ ամեն միջոցի դիմելու է` իրավական գործընթացները վիժեցնելու համար: Այստեղ շատ կարեւոր է, թե հայկական կողմն ինչ մոտիվացիա ունի` նման հայցերից հրաժարվելու հարցում: Հայկական կողմն ուժեղ է իրավական գործընթացներում, եթե Ադրբեջանի մարտավարությունը Հայաստանին ուժեղ հարթակից թույլ հարթակ տեղափոխելն է, կարծում եմ` Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի իր օգտին եւ ռազմաքաղաքական հարթակները դիվերսիֆիկացնի իրավական հարթակներում, որտեղ իրավունքի ուժով ավելի պաշտպանված է: Նման հայցերից հրաժարումը Հայաստանին պետք է երաշխավորված օգուտներ բերի: Մենք այս պահին չունենք որեւէ նման տեսանելի քննարկում, որտեղ կարող են ցույց տալ, թե ինչպիսի շահեր են հետապնդվում միջազգային գանգատներից հրաժարվելու դիմաց:

– Գաղտնիք չէ, որ Հայաստանի իշխանությունը եղբայրաբար է տրամադրված Ադրբեջանի հանդեպ եւ կարող է անգամ այս հարցում զիջումների գնալ: Ի՞նչ տեղի կունենա այդ պարագայում: Ի դեպ` նշում եք, որ հայկական կողմը գանգատներից հրաժարվելու դիմաց պետք է երաշխավորված օգուտներ ունենա: Ինչի՞ մասին է խոսքը:

– Կարծում եմ` իրավական հաղթանակները պետք է կապիտալացվեն բանակցային պրոցեսներում, եւ դրա դիմաց ստանալ հստակ պահանջների բավարարում, օրինակ` ադրբեջանական զորքերի դուրսբերում հայկական տարածքներից: Այդ պարագայում կարող ենք արձանագրել, որ առանց դատական ակտերի, հայկական կողմը կարողանում է հասնել սուվերեն խախտումների գոնե մասնակի վերացման, բայց սա նաեւ բանակցողների դիրքերի շնորհիվ պետք է լինի, եւ եթե իրավական պրոցեսները Հայաստանին ուժ են տալիս, բայց դրանք չեն օգտագործվում, դա նշանակում է, որ պետք է հետեւություններ անել: Միջպետական գանգատներից հրաժարումը չի ենթադրում հրաժարում անհատական գործերից: Եվրոպական դատարանում ներկայացված անհատական գործերը շարունակվելու են քննվել, եւ առնվազն մեր փաստաբանական թիմի անունից կարող եմ վերահաստատել, որ ոչ մի հրաժարում մեր կողմից վարվող գործերում տեղի չի ունենալու, անկախ ճնշումներից ու սպառնալիքներից, որոնք այս պահին չկան: Բայց անգամ եթե լինեն, մենք մեր գործերից չենք հրաժարվելու:

– Բայց հայ ռազմագերիների գործերից եթե հրաժարվեն իշխանությունները, ի՞նչ կարող եք անել միայնակ:

– Դա կախված է, թե որ գերիների մասին է խոսքը: Եթե ռազմաքաղաքական ղեկավարների մասին ենք խոսում, ապա այս հայցերը ներկայացվել են միջպետական գանգատի շրջանակներում, եւ Ադրբեջանի դեմ գործերից հրաժարումն անպայման ազդելու է նաեւ այդ անձանց իրավունքների վրա: Այդ գործերը կունենան շարունակական ընթացք, բայց պետության հրաժարվելու պարագայում ռազմաքաղաքական ղեկավարների գործը կհամարվի փակված, եւ ՄԻԵԴ-ը, որպես լծակ, չի նպաստի այս անձանց ազատ արձակմանը: ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանում անհատական գանգատների ներկայացման հնարավորություն չկա, եւ միջպետական գործերի դադարեցումը կազդարարի ավարտ նաեւ այստեղ: Անհատական գործերի շնորհիվ մենք չենք կարող հասնել հաջողության:

– Այդ դեպքում ի՞նչ ճակատագրի կարժանանան հայ ռազմագերիները:

– Նրանց եւ մյուս գերիների ճակատագիրը կթողնվի ադրբեջանական քմահաճույքին: Հրաժարման ֆոնին, եթե ազատ արձակումներ լինեն, կարող են սա համարել հաջողված գործարք, իսկ եթե նման բան տեղի չունենա, իրավական գործիքակազմով չենք կարողանա ապահովել այդ անձանց ազատ արձակումը:

– Իսկ նրանց դատական գործերն ի՞նչ փուլում են այժմ:

– Որոշ միջպետական գործերով կա կոմունիկացիա, կանխատեսում ենք անգամ բանավոր լսումներ` ՄԻԵԴ-ի մեծ պալատում:

– Ո՞ր գործերի մասին է խոսքը:

– Անգամ ավարտական փուլում ունենք գործեր, դրանք մի քանի գերիների վերաբերյալ են, սակայն կխուսափեմ անհատականացնելուց: Ինչպես նաեւ գերիների սպանության գործերի առումով կան հաջողություններ` ՄԻԵԴ-ում:

Տեսանյութեր

Լրահոս