ԵՊՀ-ն դատի է տվել «Հրապարակ»-ին ու պարտվել. ԵՊՀ-ն չի կարողացել գրագետ հայց գրել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հրապարակը» հերթական հաղթանակն է տարել դատարանում: Հայցվորը Երեւանի պետական համալսարանն է: Դատարանը մերժել է ԵՊՀ հայցը, մեր օգտին անգամ 300 հազար դրամ փոխհատուցում սահմանել` որպես փաստաբանի ծառայությունների խելամիտ վարձատրության գումար:
Չանդրադառնալով բուն հրապարակմանը, նշենք միայն այն, որ մայր բուհը, որը հսկա աշխատակազմ ունի, իրավաբանական ծառայություն, իրավագիտության ֆակուլտետ, չի կարողացել գրագետ հայց գրել, պահպանել դատարան դիմելու տարրական կանոնները, օրենքով առաջնորդվել եւ խելամիտ պահանջ ներկայացնել դատարան: Եվ դատարանների ահռելի ծանրաբեռնվածության պայմաններում մի անհեռանկար վեճով շուրջ 1 տարի զբաղեցրել է դատարանին:
Ի դեպ, ԵՊՀ-ն միակը չէ․ «Հրապարակը» մի «դարակազմիկ» դատական վեճ էլ ունի Ագրարային համալսարանի հետ, որի ներկայացուցչի գրությունները` ուղղված դատարանին, Իլֆ-Պետրովի գրչին արժանի ստեղծագործություններն են հիշեցնում: Ագրարայինի պարտությունից հետո կհրապարակենք նրանց ներկայացուցչի մտքի գոհարները»: