
Հայաստանի և Օմանի ԱԳ փոխնախարարները հանդիպել են

Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Մանամայի երկխոսություն» ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Օմանի Սուլթանության ԱԳ նախարարի դիվանագիտական հարցերով տեղակալ շեյխ Խալիֆա Ալ-Հարսիի հետ։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր։
Հայաստանի և Օմանի փոխնախարարները դիտարկել են ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները։ Ընդգծվել է հատկապես զբոսաշրջության ոլորտում առկա ներուժի բացահայտման կարևորությունը, որի համատեքստում ՀՀ ԱԳ փոխնախարարը գոհունակությամբ է նշել դեպի Օման ուղիղ չվերթների մեկնարկի շուրջ պայմանավորվածությունը։
Զրուցակիցները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ, մասնավորապես հեռահաղորդակցության, գյուղատնտեսության, խելացի տնտեսության, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։
Օմանցի գործընկերոջ խնդրանքով փոխնախարար Կոստանյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում զարգացումները։
Անդրադարձ է կատարվել նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին: