
Իրանի ռազմական խորհրդականները կշարունակեն օգնել Սիրիային․ ԱԳՆ

Իրանցի ռազմական խորհրդականները Դամասկոսի խնդրանքով արդեն մի քանի տարի է, ինչ Սիրիային օգնում են ահաբեկչության դեմ պայքարում, նրանց ներկայությունը Սիրիայում կշարունակվի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Թեհրանը Դամասկոսի պաշտոնական հրավերով օգնություն է ցուցաբերում Սիրիայի ժողովրդին այն պահից ի վեր, երբ սիրիացիները բախվել են ահաբեկչության սպառնալիքին:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այս իրադարձությունների ֆոնին սկսել է այցելել Մերձավոր Արևելքի երկրներ: Երեկ նա մեկնել է Դամասկոս, հանդիպել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Արաղչիի ուղևորության հաջորդ կետն Անկարան է։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Խախտելով ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչական կազմակերպության անդամ խմբավորումները Հալեպ և Իդլիբ նահանգներում լայն ճակատով հարվածներ են հասցրել գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի ուղղությամբ: