Ռուսաստանը միշտ դեմ է եղել ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտությանը

Ռուսական կողմը միշտ վճռականորեն դեմ է եղել ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձի։ Եվ Ռուսաստանը հետևողականորեն հավատարիմ է այս գծին իր գործնական քաղաքականության մեջ։ Դրա մասին նոյեմբերի 29-ին «Ռուսաստան-Հայաստան» 2-րդ հանրային ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` պատասխանելով հարցին, թե ինչ է մտադիր անել Ռուսաստանը՝ հաշվի առնելով Արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրությունները, ըստ որոնց Հայաստանում 2026 թվականի ընտրությունների նախաշեմին Արևմուտքն ակտիվորեն հովանավորում է արևմտամետ կուսակցություններին:

ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը նշել է, որ, ի տարբերություն Ռուսաստանի, Արևմուտքն ունի բոլորովին այլ, նեոգաղութային մոտեցումներ, որոնք հիմնված են անկախ ինքնիշխան պետություններին զարգացման իրենց արևմտյան մոդելները պարտադրելու վրա։

«Բայց մենք տեսանք, թե ինչի է արդեն հանգեցրել, միջազգային հանրության համար ինչ կործանարար հետևանքների են հանգեցրել Արևմուտքի՝ իր տեսակետները պարտադրելու փորձերը։ Օրինակ՝ Իրաքում, Լիբիայում, Հարավսլավիայում։ Այս պետությունները պարզապես գոյություն չունեն իրենց նախկին տեսքով։ Մերձավոր Արևելքը վերածվել է օջախի, միջազգային ահաբեկչության բուծարանի։ Միայն Ռուսաստանի օգնությունը Սիրիայի ղեկավարությանն ու ժողովրդին՝ իր օրինական ղեկավարության խնդրանքով, օգնեց Սիրիային խուսափել արաբական սցենարից, որը արևմտականներն մտադիր էին իրականացնել այնտեղ։ Այսինքն՝ Արևմուտքի միջամտությունն ընդհանրապես շատ վտանգավոր ու կործանարար բան է։ Եվ ափսոս, որ ոչ ամենուր դա հասկանում են այն ուժերը, որոնք ապավինում են արևմտյան բաղադրատոմսերին և, այսպես կոչված, արևմտյան օգնությանը, օգնություն, որը քաղաքականացված է և պայմանավորված է առաջին հերթին նման օգնություն ստացող երկրների՝ թշնամական հակառուսական քաղաքականությամբ»,-նշել է նա:

Այդ համատեքստում խոսելով Անդրկովկասի մասին՝ Գալուզինը մեկնաբանել է Վրաստանում տիրող իրավիճակը՝ նշելով, որ «Վրաստանի ղեկավարությունը, վրաց հասարակությունը ենթարկվել են ամենադաժան, ուղղակի վիրավորական հարձակումների, ամենածանր ճնշումներին հավաքական Արևմուտքի կողմից, միայն այն պատճառով, որ ղեկավարությունը համարձակվել է, արևմտյան տեսանկյունից, պաշտպանել ավանդական արժեքները, համարձակվել է վարել վրաց ժողովրդի ազգային շահերին համապատասխանող պրագմատիկ քաղաքականություն»։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին, Գալուզինը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ռուսաստանը չի կարող «ինչ-որ հրամաններ տալ ինքնիշխան պետությանը կամ նրա ղեկավարությանը, դա կրկին ճնշում, միջամտություն կլինի նրա ներքին գործերին»։

«Բայց մենք հետևողականորեն ելնում ենք նրանից, որ Ռուսաստանն ու Հայաստանն ունեն բազմադարյա ընդհանուր պատմություն, և այս ընդհանուր պատմության մեջ եղել են փառավոր էջեր։ Իհարկե, մեր ընդհանուր հաղթանակը Հայրենական մեծ պատերազմում։ Մեր ընդհանուր պատմությունը մեր աչքի առաջ է։ Միշտ այնտեղ մեր սրտերում և հիշողություններում: Վստահ ենք, որ ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում մեր բոլոր գործընկերների և դաշնակիցների հետ հաջորդ տարի ոգևորությամբ կնշենք Հայրենական մեծ պատերազմում մեր ընդհանուր հաղթանակի 80-ամյակի մեծ օրը։

Բացի մեր փառահեղ ընդհանուր պատմությունից, ունենք նաև դաշինք ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակում: Թեև Հայաստանը, ինչպես հասկանում եմ, դադարեցրել է իր մասնակցությունն այնտեղ մեծ մասամբ ներքաղաքական նկատառումներով, ինչպես նախօրեին Աստանայում նշեց Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Մենք ԱՊՀ անդամ ենք։ Դաշնակցային, գործընկերային, փոխշահավետ լայն համագործակցության այս հարաբերությունները կշարունակեն զարգանալ և չեն դանդաղեցվի, դրանք կշարունակեն առաջընթաց ապրել՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ընդգծել է ՌԴ փոխարտգործնախարարը։

Տեսանյութեր

Լրահոս