«Անգելա, ների՛ր ինձ». Պուտինը ներողություն է խնդրել Մերկելից` շան հետ կապված միջադեպի համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին՝ անդրադառնալով 2007 թվականին հանդիպման ժամանակ իր շան հետ կապված միջադեպին։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Մերկելի՝ Ռուսաստան կատարած այցի ժամանակ. Պուտինի շունը մտել է հյուրասենյակ, որտեղ նստած էին առաջնորդները։
Մերկելի խոսքով՝ Պուտինն իմացել է, որ ինքը վախենում է շներից, սակայն հանդիպման ժամանակ թույլ է տվել, որ Կոնի անունով իր սև լաբրադոր շունը մտնի սենյակ ու մոտենա իրեն: Այս մասին գրում է kommersant.ru-ն: Մերկելը ավելի վաղ իր հուշերում գրել էր, որ Պուտինի հետ բանակցությունների ժամանակ վախենում էր լաբրադոր Կոնիից։ Նա ենթադրել էր, որ ՌԴ նախագահը միտումնավոր է վախեցրել իրեն։
Պուտինը, սակայն, ասել է, թե ինքը չգիտեր, որ Անգելա Մերկելը վախենում էր շներից, հակառակ դեպքում՝ երբեք չէր անի դա։
«Ես ուզում էի ստեղծել անկաշկանդ, հաճելի մթնոլորտ։ Ես ելնում եմ նրանից, որ Եվրոպայում և Գերմանիայում, որքան գիտեմ (ես այնտեղ ապրել եմ գրեթե 5 տարի), շատ դրական են վերաբերվում ընտանի կենդանիներին։ Ընդհակառակը, ես մտածեցի, որ նա գոհ կլինի։ Ես ներողություն եմ խնդրել նրանից և ևս մեկ անգամ դիմում եմ նրան՝ Անգելա, խնդրում եմ, ների՛ր ինձ, ես չէի ուզում քեզ հոգեկան ցավ պատճառել»,- ասել է Պուտինը:
Այդ միջադեպից հետո Մերկելը Պուտինին պատմել է, որ մանուկ հասակում իրեն կծել է շունը։
«Նման բան պատահում է. դա հոգեբանական տրավմա է»,- ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը նաև ասել է, որ եթե երբևէ Մերկելը գա իրեն այցի, ապա ինքը «ոչ մի դեպքում» իր շանը չի տանի այդ հանդիպմանը.
«Ես ներողություն եմ խնդրում, եթե երբևէ նորից գաս, ես հասկանում եմ, որ դա այսօր քիչ հավանական է, բայց ես ոչ մի դեպքում նման բան չեմ անի»: