ԱՆ-ն 680 միլիոն 500.000 դրամ դրամաշնորհ է հատկացրել սեփական ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ին
Առողջապահության նախարարությունն օրերս հերթական աստղաբաշխական դրամաշնորհն է հատկացրել․ նախարարությունը սեփական ենթակայության տակ գտնվող Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների կենտրոն ՊՈԱԿ-ին է ֆինանսական աջակցություն տրամադրել։ Պայմանագրի գինը կազմել է 680 միլիոն 500.000 դրամ։ Այս գումարով պետական մարմինը պարտավորվել է 2024 թվականի պետական բյուջեի «Դեղապահովում» ծրագրի «Դեղերի փորձաքննության ծառայությունների իրականացում» միջոցառման կատարումը։
Նշենք՝ ՊՈԱԿ-ը ստեղծվել է տարեսկզբին, իսկ դեռ 2023 թվականի նոյեմբերին կառավարության նիստում որոշում էր ընդունվել լուծարել «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ն։
«Ընկերությունը 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերություն է, այդուհանդերձ, որպես առևտրային կազմակերպություն՝ հետապնդում է շահույթ ստանալու նպատակ: Նշված հանգամանքը կանխելու նպատակով և միաժամանակ դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունների կազմակերպումն ու իրականացումը ՀՀ առողջապահության նախարարության կազմում գործող կազմակերպության միջոցով իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լուծարել «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ընկերությունը և հիմնադրել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը»,- նշված է որոշման հիմնավորման մեջ:
Նկատենք՝ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը», ի տարբերություն ՊՈԱԿ-ի, ինքնաբավ կառույց էր, որը բեռ չէր պետական բյուջեի վրա։