ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը։
«Ես ողջունում եմ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի վերաբերյալ հայտարարությունը: Հուսով եմ, որ այս համաձայնագիրը վերջ կդնի բռնությանը, տանջանքներին և ավերածություններին, որոնցից տառապում էին երկու երկրները», – գրել է Գուտերեշն X սոցիալական հարթակում։
Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը Գուտերեշի անունից տարածված հայտարարության մեջ նշել է, որ «գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում լիարժեք կերպով հարգել և արագ իրագործել համաձայնագրով նախատեսված բոլոր պարտավորությունները»։
Բացի այդ, համաշխարհային կազմակերպության ղեկավարը կոչ է արել քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձևի լիովին կատարման ուղղությամբ։ՄԱԿ-ի թիվ 1701 բանաձևն ընդունվել է 2006 թվականին:
Այն նախատեսում է Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև մարտական գործողությունների լիակատար դադարեցում՝ Լիբանանի հարավից իսրայելական զորքերի դուրսբերմամբ՝ լիբանանյան բանակի և ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի անվտանգության երաշխիքների ներքո:
Դյուժարիկի տարածած հայտարարության մեջ նշված է, որ Լիբանանում ՄԱԿ-ի հատուկ համակարգողը և ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը պատրաստ են աջակցել այս համաձայնագրի իրագործմանը։ Ավելի վաղ Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը պաշտոնապես հավանություն է տվել Լիբանանում հրադադարի ծրագրին։ Այնուհետև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» կազմակերպության միջև համաձայնությունները նախատեսում են Լիբանանի ուժերի վերահսկողության վերականգնում իր տարածքի նկատմամբ 60 օրվա ընթացքում, ինչից հետո իսրայելական բանակն աստիճանաբար դուրս կբերվի Լիբանանի տարածքից, իսկ երկու կողմերի քաղաքացիական անձինք շուտով կկարողանան անվտանգ կերպով վերադառնալ իրենց բնակավայրերը և սկսել վերականգնել դրանք: