Երևանի պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառության դեպք են բացահայտել
Երևանի պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառության հերթական դեպքն են բացահայտել: ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է բացահայտման մասին մանրամասները:
«Երևան քաղաքի պարեկները նոյեմբերի 24-ին Էրեբունի վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս Արին-Բերդի փողոցի հասցեներից մեկի մոտ նկատել են երկու երիտասարդի, որոնք տեսնելով պարեկներին՝ արագ նստել են «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան ու հեռացել: Պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-21214»-ը: Փաստաթղթերը ստուգելու ընթացքում պարեկները յուրահատուկ սուր հոտ են զգացել:
Հարցին, թե մեքենայում ինչ արգելված իրեր, առարկաներ կան, երիտասարդները պատասխանել են, որ մեքենայում թմրանյութ կա: Այնուհետև պարեկները նկատել են մեքենայի մոտ՝ գետնին գցած կարմիր և դեղին չորս փաթեթ ու զիպ փականով տոպրակ, որի մեջ սև փաթեթներ էին»,- նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Երևան քաղաքի բնակիչ 36-ամյա և 35-ամյա տղամարդիկ թմրանյութ պահելու, օգտագործելու և ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել:
Քրեական վարույթի շրջանակում իրականացված զննությամբ՝ Արին-Բերդի փողոցի նշված հասցեի մոտ հայտնաբերվել և առգրավվել է 12 փաթեթ:
Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են: