«Միջին միջանցքն» էլ է շրջանցելու Հայաստանը. մենք կորցրել ենք ամենակարևորը. Վահե Դավթյան

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրել է.

«Միջին միջանցքն» էլ է շրջանցելու Հայաստանը: Ավելի շուտ՝ արդեն շրջանցում է:

Այսօր արդեն Կենտրոնական Ասիայի երկրները, մասնավորապես, Ղազախստանն ու Ուզբեկստանը համագործակցություն են զարգացնում միջանցքի առանցքային շահառու հանդիսացող Չինաստանի հետ՝ եվրասիական այս կարևոր ենթակառուցվածքի զարգացման շուրջ:

Իր հերթին, Չինաստանը 2022 թվականից ի վեր ռազմավարական երկխոսության մեջ է Ադրբեջանի հետ՝ «Միջին միջանցք» «Գոտի և ճանապարհ» մեգածրագրին ինտեգրելու նպատակով:

Ադրբեջանն էլ փորձում է համոզել ԵՄ որոշ դերակատարներին «Միջին միջանցքի» ռազմավարական նպատակահարմարության մեջ՝ Ռուսաստանը շրջանցող Եվրոպա-Կովկաս-Ասիա երթուղու ձևավորման համատեքստում: Երթուղի, որը վաղուց արդեն անցնում է Վրաստանով և հայտնի է որպես Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղի:

Վերջինս, իր հերթին, մեծ հավանականությամբ կմիանա Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթուղուն՝ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքով» շարունակվելու հեռանկարով՝ վերջնականապես սեղմելով տրանսպորտային օղակը Հայաստանի շուրջ:

Ահա այսպիսի «Անակոնդայի մեթոդ»:

Այս ամենն ուղղակիորեն անդրադառնում է «Միջին միջանցքի» կոմերցիոն ցուցանիշների վրա: Պահանջարկն այս հաղորդակցության հանդեպ աճում է օրըստօրե:

Այսպես, 2024 թվականի 10 ամսվա ընթացքում դրանով իրականացվող բեռնափոխադրումներն աճել են 68%-ով՝ հասնելով 3,8 մլն տոննայի:

Միջանցքի շահառուներն արդեն խոսում են դրա թվայնացման մասին, իսկ դա նշանակում է, որ դրա վերաբերյալ բոլոր ռազմավարական որոշումները վաղուց կայացվել են:

Ուստի, անգամ Հարավային Կովկասի ամբողջական տրանսպորտային ապաշրջափակման դեպքում որևէ մեկը չի վերանայելու տարիներով, իսկ առանձին դեպքերում՝ տասնամյակներով մշակված ու ձևավորված հաղորդակցությունների լոգիստիկան:

Մենք կորցրել ենք ամենակարևորը՝ ժամանակը:

Ուստի, գանք իրականություն»,-գրել է նա:

Բաժանորդագրվեք Վահե Դավթյանի տելեգրամ ալիքին՝ https://t.me/vahedavtyan

Տեսանյութեր

Լրահոս