Նիկոլ Փաշինյանը պահանջել է մինչև 2025թ. գարունն ազատել Բրյուսովի շենքը․ 24News
Նիկոլ Փաշինյանն այսօր Մանկավարժական համալսարանում ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի նկարագիրը, որին մասնակցել են բացառապես նախօրոք ցուցակագրված ուսանողներ և դասախոսներ։
Ըստ 24News-ի աղբյուրների, միջոցառման ավարտից հետո Փաշինյանն իր մոտ է հրավիրել Մանկավարժականի, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորներին, հանդիպմանը մասնակցել են նաև Գիտության պետական կոմիտեի ղեկավար Սարգիս Հայոցյանն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Փաշինյանը տեղեկացրել է, որ այս երեք բուհերի միավորման գործընթացը պետք է հնարավորինս շուտ ավարտել, իսկ Բրյուսովի շենքը պետք է ազատված լինի մինչև 2025 թ-ի գարնանը։
Ըստ կայքի զրուցակցի, Անդրեասյանը փորձել է առարկել, որ տեխնիկապես դժվար է լինելու, սակայն վարչապետը մնացել է անդրդվելի ու պնդել, որ գործընթացի ժամկետը հստակ է, իսկ «եթե չեն հասցնում, թող մի շենքում երկու բուհ ժամանակավոր գործի»։
Ավելացնենք նաև, որ Բրյուսովի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, որ հայտնի է իր պրոիշխանական հայացքներով, գտնվել է գործուղման մեջ արտասահմանում, սակայն հատուկ այս հանդիպման համար վերադարձել է։
24News-ը թեմայի վերաբերյալ փորձեց պարզաբանումներ ստանալ նույն Գյուրջինյանից, սակայն վերջինս կատեգորիկ հերքեց, թե Բրյուսովի շենքի հետ կապված խոսակցություն է եղել ու անգամ չսպասեց, որ հնչեցնենք միավորման հետ կապված հարցը։ «Չեմ լսել ես նման արտահայտություն: Այո’, հանդիպմանը ներկա եմ գտնվել, նորից եմ կրկնում, նման բան չեմ լսել: Հաջողություն», – կտրուկ ասել է նա ու անջատել է հեռախոսը։