COP29-ի կազմակերպիչ Ադրբեջանը բանտարկում է բնապահպաններին. BBC

Կլիմայի փոփոխության վերաբերյալ գլխավոր միջազգային համաժողովն ամեն տարի անցկացվում է մեկ այլ երկրում, և Ադրբեջանը երրորդ COP ընդունող պետությունն է, որը մեղադրվում է ակտիվիստներին թիրախավորելու և բողոքի օրինական իրավունքը սահմանափակելու մեջ:

Ընդսմին, ինչպես նշում է Climate Action Network-ը, որը շուրջ 2000 բնապահպանական կազմակերպությունների դաշինք է ամբողջ աշխարհում, քաղաքացիական ազատությունները կարևոր են կլիմայական ճգնաժամը դանդաղեցնելու համար:

Իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են անում վերանայել COP29 համաժողովը հյուրընկալող երկրների ընտրության գործընթացը. նրանք ասում են, որ Ադրբեջանում բնապահպան ակտիվիստների շրջանում խղճի բանտարկյալների թվի տագնապալի աճ է գրանցվում:

Amnesty International-ի ներկայացուցիչ Նատալյա Նոզաձեն BBC-ին պատմել է, որ այն հայտարարությունից հետո, որ երկիրն ընդունելու է COP29-ը, Ադրբեջանում կառավարության քաղաքականության դեմ բողոքելն ավելի դժվար է դարձել:

«Տեսնում ենք ձերբակալությունների և ելույթների արգելման կտրուկ աճ բոլոր այն հարցերի շուրջ, որոնք իշխանությունները համարում են քննադատական ​​կամ իրենց քաղաքական օրակարգին հակասող»,- նշում է նա։

«Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատության համար» կազմակերպության տվյալներով՝ 2000-ականների սկզբից ի վեր առաջին անգամ երկրում քաղբանտարկյալների թիվը գերազանցել է 300-ը։ Նրանց թվում կան լրագրողներ, բնապահպան ակտիվիստներ և քաղաքական հակառակորդներ։

Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի 53-ամյա պրոֆեսոր Գուբադ Իբադօղլուն հետազոտում է Ադրբեջանի նավթագազային հատվածը և բնապահպանական խնդիրները։ 2023 թվականի ամռանը նա ձերբակալվել էր իր հայրենիքում՝ խարդախության մեղադրանքով։

Ավելի քան մեկ տարի անց նա դեռ տնային կալանքի տակ է։ Human Rights Watch-ը Իբադօղլուի դեմ մեղադրանքները անվանել է «կասկածելի», իսկ նրա դուստրը խնդրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին օգնել ապահովելու իր հոր ազատ արձակումը:

«Ես կարծում եմ, որ ավտորիտար պետության կանոններից մեկն է կալանավորել և ձերբակալել մարդկանց, ովքեր կարող են ազդել հասարակական կարծիքի վրա»,-նշել է Իբադօղլուն:

Պրոֆեսորը կարծում է, որ առողջական խնդիրների պատճառով իր կյանքին վտանգ է սպառնում։

Անար Մամեդլին ձերբակալվել էր ապրիլին՝ մաքսանենգության մեղադրանքով։ Դա տեղի է ունեցել կազմակերպություն համահիմնելուց ընդամենը երկու ամիս անց, երբ այն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել իրականացնել Փարիզի համաձայնագիրը՝ նվազեցնելու ածխաթթու գազի արտանետումները մթնոլորտ:

Բնապահպան ակտիվիստները ցանկանում են, որ Ադրբեջանը դառնա ավելի քիչ ապավինի նավթին ու գազին: Այժմ այս արդյունաբերությունն ապահովում է երկրի բյուջեի մոտ 60%-ը։

Սակայն հունվարին հայտնի դարձավ, որ Բաքուն, ընդհակառակը, ծրագրում է առաջիկա տասը տարիների ընթացքում ընդլայնել բնական գազի արդյունահանումը։ Իսկ երեքշաբթի երկրի նախագահ Իլհամ Ալիևը կլիմայական գագաթնաժողովի ժամանակ նավթն ու գազն «Աստծո պարգև» անվանեց:

«COP29-ը նախատեսված էր բնապահպանական գործողությունների համար բաց և մատչելի հարթակ դառնալու համար, բայց համաժողովը բոլորովին այլ ուրվապատկեր է ընդունում»,-ասում է Մամեդլիի մտերիմ ընկեր Բաշիր Սոլեյմանին:

61-ամյա Նազիմ Բեյդեմիրլին այս տարվա հոկտեմբերին շորթման մեղադրանքով դատապարտվել է 8 տարվա ազատազրկման։ Նա ձերբակալվել էր անցյալ տարի՝ իր գյուղի մոտ ոսկու արդյունահանման դեմ բողոքի ցույցից հետո։ Բեյդեմիրլիի փաստաբան Ագիլ Լայիչըն ասում է, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքներն անհիմն են և տեղավորվում են COP29-ից առաջ Ադրբեջանում այլախոհների նկատմամբ կիրառվող բռնաճնշումների ընդհանուր պատկերի մեջ:

Քաղաքացիական ազատությունները ճնշելու համար նույնպես քննադատության են ենթարկվել COP29-ի նախորդ երկու գագաթնաժողովներն ընդունած Արաբական Միացյալ Էմիրություններն ու Եգիպտոսը:

«Ըստ իս, մեծ սխալ է մարդու իրավունքները պարբերաբար խախտող Ադրբեջանին, ԱՄԷ-ին կամ Եգիպտոսին թույլ տալ ընդունելու կլիմայական համաժողովը»,- ասում է ադրբեջանցի լրագրող և բնապահպան ակտիվիստ Էմին Հուսեյնովը։

«Նախագահ Ալիևը կլիմայի փոփոխության հետ ոչ մի առնչություն չունի, բայց նա ցանկանում է օգտագործել COP29-ը՝ իրեն և իր թունավոր կերպարը «սպիտակեցնելու» և «կանաչացնելու» համար»,-հավելում է նա:

Ադրբեջանցի բարձրաստիճան դիվանագետ և նախագահ Ալիևի հատուկ բանագնաց Էլչին Ամիրբեկովը համաժողովից առաջ BBC-ին հայտարարել է, թե «նման մեղադրանքները չի ընդունում, քանի որ դրանք հիմնված չեն փաստերի վրա»:

Կլիմայական համաժողովն ամեն տարի անցկացվում է աշխարհի նոր տարածաշրջանում, և ընդունող երկիրը կոնսենսուսով հաստատվում է այս տարածաշրջանի բոլոր երկրների կողմից։ Թե ինչպես նրանք են կարողացել կանխել քաղաքացիական հասարակության նկատմամբ թշնամական երկրի ընտրությունը, անհասկանալի է:

Ի պատասխան իրավապաշտպանների՝ ընդունող երկրի հետ պայմանագրում բողոքի իրավունքի մասին կետ ներառելու կոչերին, ՄԱԿ-ն արձագանքել է. «Այս տարի ընդունող երկրի հետ պայմանագիրն առաջին անգամ ներառեց դրույթներ մարդու իրավունքների պաշտպանության մասին , և մենք ողջունում ենք սա որպես դրական առաջընթաց»։

«ՄԱԿ-ը իրավունք չունի ընդունող երկրին ասելու, թե նրանք ինչ կարող են կամ չեն կարող անել մարդու իրավունքների հարցում, դա է խնդիրը»,- ասում է Climate Action Network-ի գործադիր տնօրեն Թասնեմ Էսոպը:

Նա կարծում է, որ այդ հարցը պետք է բարձրացնեն համաաժողովներին մասնակցող այլ երկրներ, սակայն համաձայն է, որ նրանցից շատերից նման բան դժվար է սպասել։

Եվրոպական միության խորհրդարանի անդամները հոկտեմբերին դատապարտեցին Ադրբեջանում ակտիվիստների, լրագրողների և ընդդիմադիր գործիչների «բռնադատությունները» և հայտարարեցին, որ COP29-ը այդ երկրում չպետք է անցկացվի։

Սակայն Էմին Հուսեյնովը կարծում է, որ միջազգային հանրությունը հիմնականում «հանձնվել է»: Նա մասնավորապես նշում է Միացյալ Թագավորության կառավարության արձագանքի բացակայությունը, ի տարբերություն անցյալ տարիների, երբ նա հրապարակայնորեն քննադատում էր COP27 հյուրընկալող երկրին՝ Եգիպտոսին:

Տեսանյութեր

Լրահոս