Վրաստանի մշակույթի նախարարն այցելել է Թբիլիսիի պետական հայկական դրամատիկական թատրոն

Նոյեմբերի 2-ին Վրաստանի մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Թինաթին Ռուխաձեն այցելեց Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն, շրջայց կատարեց շինարարության ավարտական փուլում գտնվող շենքում։ Այդ մասին տեղեկացնում է «Վրաստան» հայկական պարբերականը։ Նախարարը թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի հետ միասին դիտեց շենքը, ծանոթացավ թատրոնի կարիքներին և նախարարության անունից համագործակցության պատրաստակամություն հայտնեց։

Հիշեցնենք, որ թբիլիսյան հայկական թատրոնի ավարտական փուլում գտնվող շինարարական և վերակառուցման լայնածավալ աշխատանքներն իրականացվել են Վրաստանի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և «Քարթու» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Շենքի անմխիթար վիճակից ելնելով, որը հաստատվել էր Փորձաքննությունների ազգային բյուրոյի եզրակացությամբ, պահանջվեց շենքի ապամոնտաժում և նոր շենքի կառուցում։     

Նշենք, որ Թբիլիսիի Քեթևան թագուհու պողոտայում գտնվող Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը միակ հայկական թատրոնն է, որը պետական թատրոնի կարգավիճակով գործում է Հայաստանի սահմաններից դուրս։ Հիշեցնենք, որ «Վրացական երազանքի» ընտրացուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Թեա Ծուլուկիանիին մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնում փոխարինեց Թինաթին Ռուխաձեն, ով մինչ այդ նշանակումը զբաղեցնում էր Թբիլիսիի Սովորող երիտասարդության ազգային պալատի տնօրենի պաշտոնը։ 

Արտեմ Գրիգորենց

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930