
Հայաստանից սև և գունավոր մետաղներ ԵԱՏՄ չեն արտահանվի

Հայաստանի Կառավարությունը դեռևս ամիսներ առաջ կայացրեց որոշում և 6 ամսով արգելեց Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ սև և գունավոր մետաղների արտահանումը։
Ըստ այդ որոշման՝ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի սև և գունավոր մետաղներից արտադրանքը՝ առավելապես երկրի պաշտպանունակության և պետական անվտանգության բարձրացման հարցում։
Զուգահեռաբար, վերջին տարիները ցույց են տվել, որ որպես հումք ԵԱՏՄ և երրորդ երկրներից նման արտադրանքի ներմուծելը ոչ նպատակահարմար է՝ պայմանավորված բարձր գներով, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտով դրանց ուղղակի առաքման հնարավորության բացակայությամբ ու լոգիստիկ մեծ ծախսերով:
Միաժամանակ՝ ներմուծված հումքով պատրաստված տեղական արտադրանքը բարձր ինքնարժեքի պատճառով (ներմուծված նույն ապրանքների համեմատությամբ) նույնիսկ ներքին շուկայում դառնում է ոչ մրցունակ։
Հետևապես, նշված խնդիրները բացառելու համար ՀՀ Կառավարությունը որոշել է 6 ամսով կիրառված ներմուծման արգելքը երկարաձգել՝ հատկապես, որ ԵԱՏՄ ընդհանուր շուկայում ձևավորված բարձր գների պատճառով վերջին ժամանակահատվածում նկատվում էին Հայաստանից սև և գունավոր մետաղների ջարդոնի ինտենսիվ արտահանման գործընթացներ, ինչը հանգեցնելու էր նրան, որ Հայաստանը ներքին սպառման համար ստիպված կլինի այդ հումքը թանկ գնով ներկրել՝ ունենալով սեփականը։