«Պարապ են մնացել. մեր կյանքը, երկրում եղած իրավիճակը թող փոխեն. օրհներգը չէ, որ պետք է փոխեն». Աննա Մայիլյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավորներ՝ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը, որոշել են «խմբագրել» ՀՀ օրհներգը։ Նրանք նախագիծ են ներկայացրել, ըստ որի՝ ցանկանում են օրհներգից հանել վերջին քառատողը և նախավերջին քառատողը դարձնել օրհներգի վերջաբան։
Արդյունքում՝«Ամենայն տեղ մահը մի է, Մարդ մի անգամ պիտ մեռնի, Բայց երանի, որ յուր ազգի Ազատության կզոհվի», տողերին պետք է փոխարինի՝ «Նայիր նրան՝ երեք գույնով Նվիրական մեկ նշան, Թող փողփողի թշնամու դեմ, Թող միշտ պանծա Հայաստան» տողերը:

Նախագիծն արդեն տեղադրվել է ԱԺ պաշտոնական կայքում։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանության տարբեր ներկայացուցիչներ վաղուց են խոսում ՀՀ զինանշանն ու օրհներգը փոխելու մասին։ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ զինանշանի հետ կապված ասել էր, որ «այն կապ չունի 1991 թվականին ստեղծված Հայաստանի Հանրապետության հետ»։

ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Աննա Մայիլյանի խոսքով՝ այսօր Հայաստանն այնքան խնդիրներ ու մարտահրավերներ ունի, որ իշխանությունները դրանք պետք է լուծեն, ոչ թե օրհներգի վերջին կամ նախավերջին քառատողը փոխեն։
«Առհասարակ մեր օրհներգի մեջ պետք չէ ոչինչ փոխել՝ քառատողեր հետ ու առաջ տալով կամ հանելով։ Ավելի լավ է, մեր կյանքը, երկրում եղած իրավիճակը փոխեն, օրհներգը չէ, որ պետք է փոխեն։
Թող Կոնսերվատորիան վերանորոգեն, որ մենք իմանանք՝ կոնսերվատորիա ունենք, այն մերն է, այլ ոչ թե կասկածներով ապրենք։ Թող 100 դրամանոցների հարցերը լուծեն, որ մարդկանց համար հավելյալ խնդիրներ չստեղծեն, չեն հասկանում, որ մարդիկ իրենց ստեղծած խնդիրների տակ հիվանդացել են։ Հավատացեք, օրհներգի փոփոխությունը երկրում եղած խնդիրների մեջ ամենավերջին հարցն է, որին պետք է անդրադառնան»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աննա Մայիլյանը։

Կարդացեք նաև

Մեր զրուցակիցը նաև ընդգծեց՝ երկրում եղած բոլոր խնդիրները լուծելուց հետո, եթե ցանկանում են փոխել ՀՀ օրհներգը, ապա կարող են ընտրել Արամ Խաչատրյանի ստեղծագործությունը։
«Հետաքրքիր է, այդ փոփոխությունը նախաձեռնելիս արդյո՞ք հարցրել են կոմպոզիտորների, ազգագրագետների կարծիքը, կարծում եմ՝ չեն հարցրել։

ՀՀ օրհներգի վերջին տողն այսքան տարի մեզ չի խանգարել, բոլոր տեղերում, որտեղ Հայաստանին ներկայացրել ենք, ներկայացրել ենք այդ օրհներգով։ Դրա համար այս հարցով զբաղվելն իշխանությունների համար պարզապես զբաղմունք է, պարապ են մնացել, որոշել են, որ մի քիչ էլ սրանով զբաղվեն, վաղն էլ այլ հարց առաջ կքաշեն, այսինքն՝ այս ժողովուրդը պետք է սթրեսներով թարմ մնա։

Հիմա սովորական քաղաքացու համար այս հարցերը միևույն է՝ այսքան խնդիրների մեջ, շատերը հավանաբար օրհներգի վերջին քառատողը չգիտեն էլ։ Այնպես որ, շատերի համար սա բացարձակ կարևոր չէ։ Կրկնում եմ՝ երկրում սա ամենավերջին հարցն է, որով պետք է զբաղվել»,- եզրափակեց Աննա Մայիլյանը։

Նշենք, որ ՀՀ օրհներգի ներկայիս տեքստը վերցված է Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից, երաժշտությունը մշակել է կոմպոզիտոր Բարսեղ Կանաչյանը։

Տեսանյութեր

Լրահոս