Բարսելոնայում հեղեղումների պատճառով 70 չվերթ է չեղարկվել
Իսպանիայի Բարսելոնա քաղաքում եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ է հայտարարվել նոյեմբերի 4-ին տեղացած հորդառատ անձրևների պատճառով, որոնք հանգեցրել են քաղաքի մի մասի, այդ թվում՝ օդանավակայանի հեղեղման։ Այս մասին հաղորդում է The Independent պարբերականը։
Երկիրը դեռ չի վերականգնվել անցյալ շաբաթ հարավային և արևելյան շրջաններին պատուհասած ջրհեղեղից, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 217-ի, նրանց մեծ մասը՝ Վալենսիայում։ Բարսելոնայում մոլեգնող փոթորկի պատճառով 70 չվերթ չեղարկվել է, ևս 18-ն՝ ուղարկվել այլ օդանավակայաններ։ Հորդառատ անձրևների պատճառով հեղեղվել են օդանավակայանի T-1 տերմինալը, ավտոկայանատեղիները, թռիչքուղին։Քաղաքում փակվել են ճանապարհները, դադարեցվել է երկաթգծային հաղորդակցությունը։