Boeing-ի աշխատակիցները դադարեցրել են 7-շաբաթյա գործադուլը
Boeing ավիաշինական ընկերության գործադուլ հայտարարած աշխատակիցների կեսից ավելին (59%) քվեարկել է գործատուի հետ աշխատավարձի շուրջ նոր համաձայնագրի ընդունման օգտին: Դրանով ավարտվել է 7-շաբաթյա գործադուլը, որը հանգեցրել է բազմաթիվ օդանավերի արտադրության դադարեցման և խորացրել ավիաարտադրողի ֆինանսական ճգնաժամը:
Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ըստ գործակալության տեղեկատվության՝ նոր համաձայնագիրը նախատեսում է կորպորացիայի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում 38%-ով առաջիկա չորս տարվա ընթացքում։ Գործադուլավորները մոտ օրերս կվերադառնան իրենց աշխատատեղերը, սակայն ոմանք ստիպված կլինեն անցնել մասնագիտական վերապատրաստում՝ աշխատանքից երկարատև բացակայության պատճառով։
Գործակալության աղբյուրների համաձայն՝ ինքնաթիռների արտադրության ամբողջական վերականգնումը և ֆինանսական ճգնաժամից Boeing-ի դուրս գալը կարող է տևել շաբաթներ, քանի որ 737 MAX ինքնաթիռների արտադրության ծավալները որոշ ժամանակով շատ ավելի փոքր կլինեն մինչև գործադուլը նախատեսված ամսական 38 միավորից:
Reuters-ի տվյալներով՝ նոր քառամյա պայմանագրի ավարտին Boeing-ի աշխատակիցների միջին տարեկան աշխատավարձը կկազմի 119 300 դոլար՝ նախկին 75 600-ի փոխարեն։ Ավելի վաղ գործադուլի մասնակիցները մերժել էին աշխատավարձերի բարձրացման՝ ընկերության մշակած երկու առաջարկները։
Աշխատողների սկզբնական պահանջը եղել է աշխատավարձի 40%-ով բարձրացում երեք տարվա ընթացքում։
Ըստ վերլուծաբանների՝ գործադուլի պատճառով Boeing-ը կորցնում էր օրական շուրջ 100 միլիոն դոլար։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Boeing-ի աշխատակիցների շահերը ներկայացնող արհմիությանը և հենց ընկերությանը՝ փոխհամաձայնության հասնելու առթիվ։