Ցեղասպանության հարցն ուզում են փակեն, որ կուշտ փորով ապրեն. Հոգեշնորհ Տ. Գրիգոր վարդապետ Խաչատրյան
Երբ Ֆրանսիայից նայում եմ Հայաստանին, տեսնում եմ, որ գնում է դեպի ազգային արմատների ուրացում. այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Գրիգոր վարդապետ Խաչատրյանը։
Նա ընդգծեց՝ այն հայը, որը չունի հայրենիքի ընկալում, այն երիտասարդը, որն այսօր հայրենիքում իրեն ամուր չի զգում, հայրենիքից դուրս գալով՝ շատ արագ կարող է մոռանալ այն, ծնկի գալ և ուրանալ իր ազգի պատմական հարստությունը։
«Հայաստանն այսօր ներկայացվում է՝ որպես ապագա ունեցող երկիր, բայց ինչպիսի՞ ապագա, արդյո՞ք այնպիսի, որը տանում է մեզ դեպի կործանման,– ասաց Տ. Գրիգոր վարդապետ Խաչատրյանը՝ ազգային ինքնության հիմնասյուները խնդիր համարողներին առաջարկելով,- Դե, եթե խնդիր է, եթե քրիստոնեությունը խանգարում է, ընդունե՛ք ուրիշ կրոն։ Գիտե՛ք, եթե ինչ-որ մեկն արժեք չունի, չպետք է պարտադրի, որ մյուսներն իր պես անարժեհամակարգ ապրեն։ Ինձ համար հպարտություն է լինել հայ, լինել քրիստոնյա, եթե ուրիշ մեկի համար հայ լինելն ամոթ է, կարող է փոխել իր կրոնն ու այլ անձնագիր ունենալ»։
Ֆրանսիայի թեմի առաջնորդից հետաքրքրվեցինք՝ իր ընկալմամբ՝ ո՞վ է Հայոց ցեղասպանության էջը փակած հայը։ Ի պատասխան՝ հոգևորականը նշեց.
«Իսկ փակելու առաջարկ անողներ, արդյոք հարցրե՞լ եք սփյուռքում ապրողների կարծիքը։ Հիմա ես ինչպե՞ս վերադառնամ Փարիզ և, օրինակ, Մուրադ Փափազյանին ասեմ, որ նրա հայրն ու պապը զուր են նահատակվել, որովհետև Հայաստանում այսօր Հայոց ցեղասպանության հարցն ուզում են փակել, որ կուշտ փորով ապրեն։ Սա թուրքական խոսույթ է, որն ուղղակի թարգմանվել է հայերեն, իսկ Ցեղասպանության ուրացումն անբարոյականություն է»,- ասաց Տ. Գրիգոր վարդապետ Խաչատրյանը։
Անդրադառնալով Հայաստանում առաջադրվող մեկ այլ՝ հայրենիքը պետությունն է թեզին, հոգևորականն այն համարեց ազգը պառակտող թեզ՝ ընդգծելով.
«Այն անձը, որը հայրենիքի ընկալում չունի, նրա համար այսօր հայրենիք է Գորիսը, վաղը կարող է հայրենիք չլինել Գորիսը»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։