
Բորելը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի պաշտպանության նախարարի հետ

Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանին Տոկիոյում հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։
Այս մասին հաղորդում է ճապոնական Mainichi պարբերականը։ Նակատանին և Բորելը հայտարարել են, որ կհամագործակցեն անվտանգության հետ կապված մի շարք խնդիրների շուրջ, որոնք առկա են Եվրոպայից մինչև Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջան ընկած հատվածում։
Կողմերը նաև հայտարարել են, որ Եվրոպայի և Ասիայի անվտանգությունն անբաժանելի է։ Նրանք նաև քննարկել են Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի փոխգործակցության թեման։ Բացի այդ, Բորելը և Նակատանին դատապարտել են Հյուսիսային Կորեայի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի վերջին արձակումը։
Ավելի ուշ Բորելը կհանդիպի Ճապոնիայի արտգործնախարար Տակեսի Իվայայի հետ, ինչպես նաև կանցկացնի Ճապոնիայի և ԵՄ-ի միջև արտաքին քաղաքականության ռազմավարական երկխոսության առաջին նիստը։ Այցի ընթացքում կողմերը կհայտարարեն անվտանգության և պաշտպանության ոլորտում գործընկերության մասին, ինչպես նաև կվավերացնեն ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը։
Ըստ ճապոնական լրատվամիջոցների՝ խոսքը վերաբերում է համագործակցությանը ծովային և կիբեռանվտանգության բնագավառներում, ինչպես նաև տիեզերքում։ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Բորելը նոյեմբերի 1-4-ը կայցելի Ճապոնիա և Կորեայի Հանրապետություն։