Ճապոնիան բողոք է հայտնել ՄԱԿ-ի կոմիտեին՝ գահաժառանգության գենդերային հավասարության կոչի համար
Ճապոնիայի կառավարությունը չափազանց ցավալի է համարում, որ Կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն խորհուրդ է տվել վերանայել Կայսերական գահատոհմի օրենքը, որպեսզի գահը ժառանգելիս ապահովվի գենդերային հավասարություն։ Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայասին։
«Դա չափազանց ցավալի է: Մենք բողոք ենք հայտնել կոմիտեին և պահանջել հանել (այդ հանձնարարականը)», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Հոկտեմբերի 29-ին ընդունված փաստաթղթում ՄԱԿ-ի կոմիտեն Ճապոնիային խորհուրդ է տվել ուսումնասիրել այլ երկրների փորձը, որոնք վերանայել են գահաժառանգության մասին իրենց օրենքները, և «փոփոխություններ մտցնել Կայսերական գահատոհմի մասին օրենքում՝ երաշխավորելու կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը գահը ժառանգելիս»։
Քննարկումների ընթացքում Ճապոնիայի պատվիրակությունը պնդել է, որ դա կոմիտեի իրավասության հարցը չէ։Ներկայում Ճապոնիայում գահը փոխանցվում է միայն արական գծով։ Դրա հետ կապված՝ կան որոշ անհանգստություններ կայսերական տան ապագայի վերաբերյալ, քանի որ ներկայիս կայսր Նարուհիտոն ունի միայն երեք հնարավոր ժառանգորդ՝ նրա կրտսեր եղբայրը՝ 58-ամյա արքայազն Ակիսինոն, վերջինիս որդին՝ կայսեր զարմիկը՝ 18-ամյա արքայազն Հիսահիտոն, ինչպես նաև Նարուհիտոյի հորեղբայրը՝ 88-ամյա արքայազն Հիտատին։Ճապոնիայի կառավարությունն ավելի վաղ ստեղծել է խորհրդատվական խմբեր, որոնք քննարկել են դժվարին իրավիճակից ելքը:
Քննարկվող գաղափարների թվում են եղել կայսերական տան մյուս ճյուղերի իրավունքների վերականգնումը, գահի իրավունքի շնորհումն իգական սեռի հնարավոր ժառանգներին, այսինքն՝ կայսրերի դուստրերի որդիներին, ինչպես նաև ժառանգության իրավունքի տրամադրումն անմիջականորեն կանանց:
Գահը կնոջը փոխանցելու հնարավորության գաղափարը պաշտպանում են Ճապոնիայի բնակչության լայն խավերը։ Այսպես, ապրիլին Kyodo-ի անցկացված հարցման համաձայն՝ բնակչության մոտ 90%-ը հավանություն է տվել դրան։ Այդուհանդերձ, պահպանողականորեն տրամադրված իշխանություններն զգուշությամբ են վերաբերվում այս թեմային և հետաձգում են դրա քննարկումը: