«Ինտեր»-ը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Յուվենտուս»-ի հետ. Մխիթարյանը՝ գոլի հեղինակ
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 9-րդ տուրի կենտրոնական խաղում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունեց Տուրինի «Յուվենտուս»-ին։ Միլանում կայացած խաղի մեկնարկում թիմերը մեծ տեմպ էին հաղորդել խաղին և արագ գրոհներ էին կազմակերպում մեկմեկու տուգանային հրապարակներում:
Հանդիպման 15-րդ րոպեին «Ինտեր»-ն առաջ անցավ հաշվի մեջ: «Յուվենտուս»-ի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Զելինսկին:
«Յուվենտուս»-ից երկար ժամանակ չպահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար:
20-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Վլահովիչը: «Յուվենտուս»-ը 27-րդ րոպեին խփեց նաև երկրորդ գնդակը:
«Ինտեր»-ի տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց Վեան:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղի 35-րդ րոպեին շեշտակի, դիպուկ հարվածով վերականգնեց հաշվի հավասարությունը: Հայ կիսապաշտպանն առաջին գնդակը խփեց Սերիա Ա-ի ընթացիկ մրցաշրջանում: Եվ «Ինտեր»-ը 3-րդ գնդակն ուղարկեց «Յուվենտուս»-ի դարպասը: Կրկին 11 մետրանոց հարվածից դուբլի հեղինակ դարձավ Զելինսկին:
Երկրորդ կեսի մեկնարկում «Ինտեր»-ը նաև 4-րդ գնդակն ուղարկեց «Յուվենտուս»-ի դարպասը: Գոլի հեղինակ դարձավ Դումֆրիսը: «Յուվենտուս»-ը կարողացավ ոչ միայն կրճատել հաշվի տարբերությունը, այլ նաև հավասարեցնել այն: Տուրինյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Յիլդիզը:
«Ինտեր»-«Յուվենտուս»`4:4:
Այս տուրից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 2-րդն է (20 միավոր): «Յուվենտուս»-ը` 4-րդն է (16 միավոր): Առաջատարը «Նապոլի»-ն է (22 միավոր):