Հայաստանը խնդիր չի դնում Ադրբեջանի օկուպացրած 200 քառակուսի կմ տարածքը ռազմական ճանապարհով վերադարձնելու. Նիկոլ Փաշինյան
Այսօր Կառավարության հետ հարցուպատասխանին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը եկել էր Արցախի Տիգրանակերտից պեղումների ժամանակ հայտնաբերված նռով։ Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանն ամեն տեղ քարտեզի մակետով է գնում, ինքն էլ որոշել է ամեն անգամ դատարկաձեռն չգալ հարցուպատասխանին։
«Ինձ հետ բերել եմ այս վայրի նուռը, 2010 թվականին Արցախի Տիգրանակերտի պեղումների վայրից մի քանի այսպիսի նռներ էի բերել, չէի մտածում, որ այդ ամենը, գաղափարները պետք է պաշտպանեմ ՀՀ իշխանավորներից։ Չեմ ուրացել այս նուռը, հայրենի Տիգրանակերտը, չեմ դավաճանել այս ամենին»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Շարունակելով միտքը՝ պատգամավորն ասաց, որ հարցուպատասխանին կրկին խոսք եղավ, այսպես կոչված, իրական և պատմական Հայաստանի մասին, այնուհետև հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին.
«Հիմա ուզում եմ հասկանալ՝ եթե պատմական Հայաստանն այդքան մերժելի էր, ապա Մյունխենում Ալիևի հետ բանավիճելու ժամանակ Տիգրան Մեծի թագավորությունն ինչո՞ւ էիք հիշում, նորմալ փաստարկներ բերեիք։ Եթե պատմական Հայաստանն այդքան վատն էր, Էրեբունի-Երևան որ երգում էիք 2017 թվականին՝ «Իմ նոր Անի, Մասիս սարով», չէի՞ք մտածում, որ դա պատմական Հայաստան է։
Ի դեպ, իրական Հայաստանը, որ հիմա Կիրանց եք ասում, ասեք նաև, որ իրական Հայաստանի մաս է նաև այսօր օկուպացված Ներքին Հանդը։ «Կիկոսի մահն» էիք մեջբերում, Թումանյանը մեկ ուրիշ բանաստեղծություն էլ ունի՝ կկվի մասին, որ սպառնալիքի տակ հերթով իր ձագերին տալիս է։
Մհեր Գրիգորյանը երկուշաբթի օրն ընդունեց, որ սահմանազատման հարցով կան ռիսկեր, որ կարող է ինչ-որ հատվածից հետո այդ սահմանազատումը չլինի։ Ձևակերպում եմ հարցը՝ արդյո՞ք Կառավարությունը գնահատել է այդ ռիսկերը»։
Նիկոլ Փաշինյանը Մհեր Գրիգորյանի հայտարարության վերաբերյալ հարցին պատասխանեց հարցով.
«Իսկ ո՞վ է դա հերքել երբևէ։ Եկեք հասկացությունները դնենք իրենց տեղերում, այդպիսի բան չկա, որ իր մեջ ռիսկ չունենա, կյանքում էդպիսի բան գոյություն չունի։ Հետևաբար՝ ինչո՞ւ ենք մենք սահմանազատման այս գործընթացը համարում դրական, որովհետև համարում ենք, որ սահմանազատման գործընթացի բացակայության ռիսկերը հարյուրապատիկ ու հազարապատիկ ավելին են։ Առավոտ տանից դուրս գալու, եղանակի, անձրևի մեջ էլ ռիսկ կա»։
Քարտեզի առնչությամբ էլ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատահական չէ այն ամեն անգամ բերում ԱԺ, որովհետև երբ պատգամավորները հարցնեն՝ բա այս կամ այն տարածքը, բոլոր հարցերի պատասխանն այդ քարտեզն է, ներառյալ՝ Արծվաշենը։
«Ինչ վերաբերում է իրական ու պատմական Հայաստանին, ապա, պարոն Մանուկյան, մենք պետք է ընդունենք, որ պատմական Հայաստանի կոնտեքստը երկար ժամանակ գերիշխող է եղել ՀՀ-ում, եթե ոչ բոլոր, ապա ճնշող մեծամասնության համար։ Այստեղ մեր պատմության ժխտման մասին չէ, այլ ուրիշ բանի, թե ինչպիսի սոցիալ-հոգեբանական վերանայումներ մենք պետք է անենք այս պետության համար»,- շեշտեց Ն. Փաշինյանը։
Պատասխանից հետո Գեղամ Մանուկյանն արձագանքեց, որ նույնիսկ ԱԺ-ի կողմից ընդունված կանոնակարգում չկա, թե որ քարտեզի հիման վրա են անելու սահմանազատումը։
«Դրա համար ենք ասում, որ սա վտանգավոր փաստաթուղթ է, երբ հատված առ հատված սահմանազատում է կատարվում»,- շեշտեց նա։
Պատգամավորի արձագանքից հետո էլ Նիկոլ Փաշինյանը հավելեց.
«Չնայած ՀՀ սուվերեն տարածքի ավելի քան 240 քկմ օկուպացված է, մենք համարում ենք, որ ՀՀ-ն այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չի դնում։ Այդ կանոնակարգը տալիս է հնարավորություն խաղաղ ճանապարհով ապահովելու ՀՀ ինքնիշխան սահմանների վերականգնումը»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում