Արգիշտի Քյարամյանի հետ հաշիվներ պարզելը Անդրանիկ Քոչարյանը համարում է ժողովրդավարական

Տեղի ունեցածը ներկա ժամանակների, անցնող և գալիք բարքերի բախումների, պառլամենտարիզմի, կառավարման և կադրային համակարգի առողջացման և զոռբայության բախումների վառ դրսևորում էր։ Այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Քյարամյան-Աղազարյան միջադեպին։

«Արժեքաբանական տեսանկյունից մեր երկրում միշտ եղել են որոշակի խնդիրներ, հատկապես՝ ուժային կառույցներում, որտեղ ԽՍՀՄ-ից ժառանգած արժեքաբանությամբ, 90-ականների ծանր շրջանի դրսևորմամբ, Արցախյան առաջին պատերազմի հետևանքով որոշակի ինքնուրույնության, պետության մեջ պետություն լինելու կամ առնվազն անձեռնմխելի բաստիոններ լինելու սկզբունքներով են ապրել»,- ասաց Քոչարյանը՝ շեշտելով, թե խնդիրն անհատների մեջ չէ։

Ըստ նրա՝ Հայաստանն ընտրել է ժողովրդավարության ճանապարհը, և յուրաքանչյուր պետական պաշտոնյա պետք է պատրաստ լինի լսել ռեպլիկներ, սուր քննադատություններ։

Քոչարյանն ընդգծեց` յուրաքանչյուրը պետք է իր տեղում լինի, այդ թվում՝ խորհրդարանականները։ Նրանք չպետք է լինեն գործադիրի հետ մշտապես համաձայնվողներ կամ տաքուկ տեղում նստածներ, որոնք 1 տարում անգամ մեկ ելույթ չեն ունեցել, անգամ 1 օրենքի քննարկման չեն մասնակցել լիագումար նիստերից դուրս։

Տեսանյութեր

Լրահոս