
Իրանում հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի մահը կամրապնդի պաղեստինյան դիմադրության ոգին

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման առաջնորդ Յահյա Սինվարի զոհվելու հանգամանքները կամրապնդեն «դիմադրության ոգին»:
«Նա օրինակ կդառնա երիտասարդության և երեխաների համար, որոնք կշարունակեն նրա ուղին դեպի Պաղեստինի ազատագրում: Քանի դեռ գոյություն ունի օկուպացիա և ագրեսիա, դիմադրությունը կշարունակվի», – ասվում է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության հայտարարության մեջ:
Իրանի կարծիքով՝ մուսուլմանները կհիանան «նահատակ Սինվարով…., որը ռազմի դաշտում կանգնած է թշնամուն դեմ հանդիման», և «դիմադրության ոգին կամրապնդվի»։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել էր, որ Գազայի հատվածին հասցված հարվածի ժամանակ սպանել է ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարին։
ԱՄՆ-ում և Իսրայելում համարում են, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի մահը հնարավորություն է ստեղծում վերսկսելու շարժման մոտ պահվող 101 պատանդների ազատ արձակման և Գազայի հատվածում հրադադարի հաստատման վերաբերյալ համաձայնագիր կնքելու բանակցությունները։
Իր հերթին Յահյա Սինվարի սպանությունից հետո լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը հայտարարել է, որ սկսում է Իսրայելի դեմ պատերազմի նոր փուլ։