Բաժիններ՝

Բայդենը և Նեթանյահուն քննարկել են՝ ինչպես ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունն օգտագործել Գազայում պատերազմի ավարտի համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ​​պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Յահյա Սինվարին սպանելու կապակցությամբ։ Երկու ղեկավարները նաև քննարկել են Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները վերսկսելու հնարավորությունը։

Այս մասին հաղորդում է Սպիտակ տունը։

«Նախագահ Բայդենը և վարչապետ Նեթանյահուն նաև քննարկել են, թե ինչպես օգտագործել այս պահը պատանդներին տուն բերելու և պատերազմը դադարեցնելու համար՝ ապահովելով Իսրայելի անվտանգությունը և այնպես անելով, որ ՀԱՄԱՍ-ն այլևս երբեք հնարավորություն չունենա վերահսկելու Գազայի հատվածը», – ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:

Նշվում է, որ երկու ղեկավարները պայմանավորվել են սերտ կապ պահպանել առաջիկա օրերին ինչպես ուղղակիորեն, այնպես էլ ազգային անվտանգության իրենց թիմերի միջոցով:

Իր հերթին Axios լրատվական հարթակը, հղում անելով իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաների, հայտնում է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի մահը հնարավորություն է ստեղծում վերսկսել ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող 101 պատանդների ազատ արձակման և Գազայի հատվածում հրադադարի հաստատման վերաբերյալ համաձայնագիր կնքելու բանակցությունները։

Իսրայելի պաշտոնյաները հույս ունեն, որ ի տարբերություն Սինվարի՝ ՀԱՄԱՍ-ի մյուս առաջնորդներն ու հրամանատարները ավելի պատրաստակամ կլինեն հանձնվելու և նույնիսկ աքսորի գնալու՝ որպես պատերազմի ավարտի գործարքի մաս:Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ Իսրայելի վարչապետն ու նրա խորհրդականներն արդեն կապի մեջ են եղել ԱՄՆ նախագահի վարչակազմի և Կատարի ու Եգիպտոսի միջնորդների հետ՝ գործարքի հեռանկարների շուրջ։

Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցել է Կատարի վարչապետի հետ և քննարկել Սինվարի մահը և հրադադարի գործարքի շուրջ բանակցությունները։

2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է շուրջ 42 400 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 99 000-ը։

Իսրայելը գործողությունները սկսել է՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակման, որի հետևանքով հրեական պետությունում զոհվել էր 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։

ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ պահվում է 101 պատանդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս