Բաժիններ՝

Նախատեսում են թվայնացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացը

Հոկտեմբերի 17-ի Կառավարության հերթական նիստում քննարկվել և հավանության են արժանացել «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Օրինագծերի ընդունման արդյունքում նախատեսվում է՝
• թվայնացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները,
• ապահովել վարույթի էլեկտրոնային եղանակով իրականացումը, ինչի արդյունքում էականորեն կբարելավվի քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների արդյունավետությունը,
• խնայել ֆինանսական և մարդկային ռեսուրսներ,
• բարելավել մատուցվող ծառայությունների որակը,
• փոփոխել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործերի քննության համար պետական տուրքի չափերը։

Նախագծերով առաջարկվում է նաև՝
• սահմանել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմելու էլեկտրոնային ընթացակարգ,
• ստեղծել փաստաթղթերը նախապես էլեկտրոնային ներկայացնելու հնարավորություն, որի դեպքում իրավասու մարմինը ստուգելու է դրանց ամբողջականությունը, բացառելու է դիմումատուի ՀՀ քաղաքացի հանդիսանալու հանգամանքը, ինչից հետո միայն դիմումատուն հնարավորություն է ստանալու հերթագրվել և փաստաթղթերն անձամբ ներկայացնել լիազոր մարմին կամ օտարերկրյա պետությունում գործող համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ,
• էլեկտրոնային հայտի նախնական ուսումնասիրության փուլում փաստաթղթերի ամբողջականությունն ապահովված չլինելու դեպքում դրանք համալրելու 15-օրյա ժամկետ, իսկ ամբողջականությունը նշված ժամկետում չապահովելու դեպքում դիմումի ընթացքի դադարեցում՝ օրենքով սահմանված կարգով՝ կրկին հայտ ներկայացնելու հնարավորություն,
• հնարավորություն է ընձեռնվելու քաղաքացիություն հայցող կամ քաղաքացիությունը դադարեցնել ցանկացող անձի վերաբերյալ բոլոր հարցումները համապատասխան այլ մարմիններին՝ Պետական եկամուտների կոմիտե, Պաշտպանության նախարարություն, Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն և այլն, իրականացնել նախապես՝ էլեկտրոնային եղանակով, ուստի դիմումատուն կարողանալու է մինչև դիմումի հանձնելը տեղում տեսնել իր վերաբերյալ պարտավորությունների առկայությունը, մարել դրանք և նոր ներկայացնել փաստաթղթերը։
Սա ոչ միայն արագացնելու է քաղաքացիության գործերի քննության հնարավորությունը, այլ նաև պարզեցնելու է գործընթացը։

Գործող օրենքը սահմանում է՝ եթե ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելուց հետո 5 տարվա ընթացքում պարզվի, որ անձը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր կամ առկա են քաղաքացիությունից դուրս գալու մասին դիմումը մերժելու օրենքով նախատեսված հիմքեր, ապա լիազոր մարմինը նախաձեռնում է անձի՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Նախագահի հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու գործընթաց, ինչի մասին անձը ծանուցվում է օրենքով սահմանված կարգով:

Ներկայացվող օրինագծով նախատեսվում է հինգ տարի ժամկետը փոխարինել տասը տարի ժամկետով, քանի որ գործնականում բազմաթիվ են դեպքերը, երբ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու փաստը պարզվում է անձնագրի փոխանակման ժամանակ (անձնագիրը տրվում է 10 տարի ժամկետով) և 5 տարվա վաղեմության ժամկետն անցած լինելու փաստով պայմանավորված՝ անհնար է լինում քաղաքացիությունը դադարեցնելու գործընթաց սկսելը։

Միաժամանակ, «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքը և սահմանել համապատասխանաբար՝ 50 000 և 150 000 դրամ՝ 1000 դրամի և 25 000 դրամի փոխարեն։

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն առաջարկել է պետական տուրքի վերանայման կարգավորումը չտարածել փախստականների, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձանց նկատմամբ, ինչպես նաև փախստականներին ազատել քաղաքացիության շնորհման դիմելու տուրքի վճարման պահանջից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս