Բաժիններ՝

Լիբանանին իսրայելական հարվածի զոհերի թվում է նաև Նաբաթիեի քաղաքապետը

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները լայնածավալ հարված են հասցրել Լիբանանի հարավի Նաբաթիե քաղաքին՝ հրթիռներով խոցելով քաղաքի կենտրոնը և ծայրամասի մի քանի բնակելի շենքեր։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է տարածաշրջանային Ռուսական մշակույթի տան տնօրեն Ասադ Դիյան։

«Զոհվել են քաղաքապետ Ահմեդ Քեյլը և վեց աշխատակիցներ, որոնք գտնվում էին քաղաքապետարանի շենքում, որտեղ  մարդասիրական օգնություն է հանգանակվում», – նշել է զրուցակիցը: Բացի այդ, ըստ Al Mayadeen հեռուստաալիքի, Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչներն ինտենսիվ հարվածներ են հասցրել Լիբանանի հյուսիս-արևելյան շրջաններին, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ. նրանց թիվը ճշտվում է։

Հեռուստաալիքի տվյալներով՝ տասնյակ հրթիռային հարվածներ են հասցվել Բաալբեկի և Հերմելի արվարձաններին, որտեղ գտնվում են «Հեզբոլլահ»-ի թիկունքային ռազմակայանները և բնակվում շարժման կողմնակիցները։ Ավելի վաղ իսրայելական ինքնաթիռները հարձակվել են լեռնային շրջանների սահմանային անցակետերի և ճանապարհների վրա, որպեսզի թույլ չտան այնտեղ գտնվող շիա կազմավորումներին Սիրիայից ռազմական տեխնիկա, զենք և զինամթերք տեղափոխել Լիբանան։

Լիբանանի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնել է, որ հոկտեմբերի 15-ին փրկարարները Բաալբեկից 30 կմ հեռավորության վրա գտնվող Ռիյաք քաղաքում տան փլատակներից դուրս են բերել 5 մարդու դի, այդ թվում՝ երեք երեխայի, ևս 16-ը վիրավորվել են։

Իսրայելը նաև հարված է հասցրել Բեյրութի հարավային Դահիեի շրջանին։Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ից այնտեղ ցամաքային գործողություն է սկսել։ Ըստ Լիբանանի առողջապահական իշխանությունների՝ վերջին մեկ տարվա ընթացքում Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումների զոհ է դարձել գրեթե 2400 մարդ, վիրավորվել՝ 10 900-ը, որոնց մեծ մասը՝ սեպտեմբերի վերջից Իսրայելի մեկնարկած հարվածների ընթացքում։ 1,2 միլիոն մարդ տեղահանվել է։

Իսրայելի տվյալների համաձայն՝ այս ընթացքում զոհվել է շուրջ 50 իսրայելցի՝ ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ զինվորներ։ Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ»-ի միջև բախումներ են ընթանում Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև ռազմական գործողություններին զուգահեռ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս