Բաժիններ՝

Հայ ժողովրդի պատմության դասագրքի գործով ԿԳՄՍ նախարարությունը պարտվել է. փաստաբան

Հայ ժողովրդի պատմության դասագրքի հետ կապված գործով ԿԳՄՍ նախարարությունը պարտվել է, հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Ինչպես հիշում եք, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը (այսուհետ՝ նախարար) 7-րդ դասարանի Հայ Ժողովրդի պատմության երկու դասագիրք էր երաշխավորել գործածության: Մեկը Աշոտ Ղուկասյանի և Ա․Տերյանի հեղինակած «Հայոց պատմություն» դասագիրքն էր (այսուհետ՝ Ղուկասյանի դասագիրք), իսկ մյուսը՝ մեծ սկանդալ առաջացրած «Մասնակցային դպրոց» ԿՀ միջգիտակարգային նախագծի շրջանակում Ս.Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմություն» դասագիրքը (այսուհետ՝ սկանդալային դասագիրք):

Նախարարը, տեսնելով հանրության և մասնագիտացված շրջանակի խիստ բացասական արձագանքը սկանդալային դասագրքի վերաբերյալ և հասկանալով, որ դպրոցները և ուսուցիչները այդ երկու դասագրքերից սկանդալային դասագիրքը չեն կիրառի, խորամանկ և անօրինական քայլի է գնում: Չունենալով դրա իրավունքը, արդեն իսկ հաստատված Ղուկասյանի դասագիրքը ներկայացրել է կրկնակի փորձաքննության և հրամանով հանել է գործածությունից՝ դպրոցների և ուսուցիչների համար թողնելով միայն մեկ տարբերակ՝ սկանդալային դասագիրքը:

Կարին Տոնոյանի ղեկավարած Հայ Ասպետ դպրոցի և ուսուցչի միջոցով, փաստաբաններ Սիմոն Բաբայանի և Մանե Կարապետյանի հետ միասին հայց ենք ներկայացրել ՀՀ վարչական դատարան:

ՀՀ Վարչական դատարանը՝ դատավոր Լիլիթ Սադոյանի նախագահությամբ, քննել է նշված գործը և այսօր՝ 2024թ. հոկտեմբերի 15-ին, մեր հայցը բավարարել է:

Դատարանը վճռել է ճանաչել Ղուկասյանի դասագիրքը գործածությունից դուրս թողած նախարարի հրամանի ընդունման արդյունքում ծագած իրավահարաբերության բացակայությունը:

Դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից դպրոցները և ուսուցիչները կունենան 7-րդ դասարանի Հայոց պատմություն դասագրքի այլընտրանքային տարբերակ:

Տեղեկացնում եմ նաև, որ Վարչական դատարանում մեկ այլ դատավորի մոտ է քննվում սկանդալային դասագիրքը երաշխավորած նախարարի հրամանի վիճարկման գործը»,- մանրամասնել է փաստաբանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս