ՌԴ Պետդուման օրենք է ընդունել՝ ուղղված միգրանտների ֆիկտիվ ամուսնությունների դեմ պայքարին
ՌԴ Պետդումայի պատգամավորները երրորդ, վերջնական ընթերցմամբ ընդունել են օրենք, որն ուղղված է միգրանտների ֆիկտիվ ամուսնությունների, ֆիկտիվ հայրության և մայրության դեմ պայքարին: Այս մասին իր Telegram ալիքում գրել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ Այժմ հնարավոր կլինի քվոտայից դուրս ժամանակավոր կացության կարգավիճակ կամ կացության թույլտվություն ստանալ ամուսնության կամ որդեգրման պահից ոչ շուտ, քան 3 տարի անց, պարզաբանել է նա։
Օրենքին «կողմ» են քվեարկել նիստին ներկա բոլոր 407 պատգամավորները։ Եթե ամուսնությունն անվավեր ճանաչվի դատարանի կողմից, ապա տրված թույլտվությունը կչեղարկվի։ Նմանատիպ մեխանիզմ կկիրառվի, եթե դատարանով սահմանափակեն միգրանտի ծնողական իրավունքները կամ զրկեն նրան ծնողական իրավունքներից կամ չեղարկեն որդեգրումը։
«Միգրացիոն քաղաքականության կատարելագործման վրա աշխատանքը շարունակվում է։ Եվս վեց օրինագիծ կա քննարկման փուլում», – գրել է Վյաչեսլավ Վոլոդինը։
«Կոմերսանտ»-ը գրում է, որ ավելի վաղ Վոլոդինը հայտնել էր, որ 2021 թվականից մինչ օրս Ռուսաստանում ավելի քան 4300 ֆիկտիվ ամուսնություն է կնքվել կացության վկայագիր ստանալու նպատակով: Օրենքն ուղղված է՝ կանխելու խարդախ սխեմաների միջոցով կացության վկայագիր և քաղաքացիություն ստանալու դեպքերը։
Սեպտեմբերի 18-ին Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդել էր, որ միգրացիոն հաշվառման է կանգնած գրեթե 6,2 մլն օտարերկրացի։ Հունիսին Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինն ասել էր, որ միգրանտների թիվը երկրում տատանվում է 13-14 միլիոնի սահմաններում։