
Արտակարգ դեպք՝ Երևանում. դանակահարել են «Երևան սիթի»-ի տնօրենին

Հոկտեմբերի 13-ին Երևանում «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի տնօրենը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, հայտնում է Shamshyan.com-ը:
Պարզվել է, որ 39-ամյա Գևորգ Սիմոնյանին դանակահարել են: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա հիվանդանոց է տեղափոխվել «գլխի վնասվածք, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին, ապա ժամանած՝ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հիվանդանոցում վիրավորի ընկերներն ու բարեկամները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ Գ. Սիմոնյանն աշխատում է որպես «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի տնօրեն։