Լիբանանում մոտ 100 բժշկական կենտրոն է փակվել բռնության սրման պատճառով. ԱՀԿ ղեկավար
Լիբանանի հակամարտությունից տուժած շրջաններում առաջնային առողջության պահպանման 207 կենտրոններից հարյուրը փակ են: Այս մասին սոցցանցում հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
«Հինգ հիվանդանոց փակվել է հարվածների հետևանքով հասցված վնասի պատճառով», – նշել է ԱՀԿ ղեկավարը։
Գեբրեյեսուսը մանրամասնել է, որ առնվազն 100 մարդ է սպանվել բժշկական օբյեկտների վրա հարձակումների հետևանքով:
«Վիրավորների թիվն աճում է։ Առողջապահության համակարգը դժվարությամբ է հաղթահարում իրավիճակը սահմանափակ կադրային ներուժի և ռեսուրսների պատճառով», – հավելել է ԱՀԿ ղեկավարը։
Իսրայելը հոկտեմբերի 1-ից ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում է օդային ռմբակոծությունները հարևան երկրում, որտեղ արդեն զոհվել է ավելի քան 2 հազար մարդ` ներառյալ շիաների շարժման առաջնորդները, ավելի քան մեկ միլիոն մարդ դարձել է փախստական: «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է վարում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը: