Հասավ 150 միլիարդի. Հարկատուներին դրել են հարկային մամլիչի տակ

Անցած շաբաթվա վերջին Պետեկամուտների կոմիտեն ամփոփեց այս տարվա առաջին 9 ամիսների հարկային եկամուտների կատարողականը՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե հարկերի հավաքման առումով ամեն ինչ նորմալ է՝ մուտքերն ավելացել են։ Այնինչ՝ իրականում թերակատարումն ավելի է խորացել։ 9 ամսում շուրջ 150 մլրդ դրամի հարկային ճեղք է առաջացել բյուջեում։

Հիշեցնենք, որ կիսամյակի տվյալներով՝ ճեղքը կազմել էր 117 մլրդ դրամ։ Երրորդ եռամսյակում ավելացել է ևս 33 միլիարդով։

«2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարկային մարմնի կողմից հավաքագրվել են շուրջ 1 տրլն 698.6 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է շուրջ 189.1 մլրդ դրամով կամ 12,5 տոկոսով: Մաքսային մարմնի կողմից հավաքագրվել է շուրջ 312 մլրդ դրամ եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ 60.8 մլրդ դրամով կամ 16,3 տոկոսով:

Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց պետական բյուջեի եկամուտներից վերադարձվել է շուրջ 243.4 մլրդ դրամ (ցուցանիշում ներառված չէ 49.6 մլրդ դրամ հիփոթեքի վերադարձը, որը չի նվազեցվել եկամտային հարկից), ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ 21.8 մլրդ դրամով կամ 8,2 տոկոսով (2023թ. վերադարձի ցուցանիշում ներառված է 37.5 մլրդ դրամ հիփոթեքի վերադարձը):

Կարդացեք նաև

2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարկային և մաքսային մարմինների կողմից ընդհանուր հավաքագրվել է 2 տրլն 10.6 մլրդ դրամ, որից հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է 243.4 մլրդ դրամ։

Արդյունքում, հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով փաստացի կատարողականը կազմել է 1 տրլն 767.2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 150.2 մլրդ դրամով կամ 9,3 տոկոսով։

Եթե դիտարկենք 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների կատարողականը՝ 2024 թվականի հաշվարկման տրամաբանությամբ, այն է` վերադարձվող գումարներից չպակասեցնելով հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի գումարների վերադարձը, ապա 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ապահովված եկամուտներն ավելի կլինեն նախորդ տարվա համադրելի ցուցանիշից 112.7 մլրդ դրամով կամ 6,8 տոկոսով»,- հայտարարել է ՊԵԿ-ը։

Այն, որ նախորդ տարվա համեմատ ավել հարկեր են հավաքվել, դա դեռ ոչինչ չի նշանակում։ Հատկապես, երբ ավել մուտքերի մի մեծ կտոր վերադարձվող եկամտային հարկն է, որը նախորդ տարիներին ներառված չէր բյուջեի ցուցանիշներում։ Այս տարի ներառեցին՝ ավելի ճոխ բյուջե ստանալու տպավորություն ստեղծելու համար, բայց կանգնեցին մեկ այլ խնդրի առաջ՝ նախատեսված մուտքերը չեն կարողանում ապահովել։

Պետեկամուտների կոմիտեի հաղորդագրության մեջ ոչ մի խոսք չկա այն մասին, թե հավաքված հարկերը որքանո՞վ են համապատասխանում բյուջեով դրված ցուցանիշներին։ Այնինչ՝ այստեղ է թաքնված «շան գլուխը»։

Բյուջեով պլանավորվածի համեմատ՝ հարկային մուտքերի առումով մեծ շեղում է առաջացել։ Նախատեսվածի նկատմամբ էապես պակաս հարկեր են հավաքել։

Հարկատուներին դրել են հարկային մամլիչի տակ, ճնշում են, վերադարձման ենթակա գումարները ժամանակին չեն վերադարձնում, փոխարենը՝ համատարած ստուգումներ են իրականացնում, տուգանքներ են կիրառում, քրեական գործեր են հարուցում, բայց միևնույն է՝ դա էլ չի փրկում։ Մուտքերի թերակատարումը շարունակում է խորանալ։ Հասել է ահռելի չափերի։ Դժվար է անգամ հիշել, թե վերջին անգամ երբ էր հարկային եկամուտների այսպիսի մեծ շեղում առաջացել բյուջեում։

Նախատեսել են, որ 9 ամիսներին պետք է հավաքեն 1 տրիլիոն 917 մլրդ դրամ, հավաքել են 1 տրիլիոն 767,2 մլրդ դրամ։

Պակաս է հավաքվել 149,8 մլրդ դրամ։ Մուտքերը 7,8 տոկոսով թերակատարվել են։

Սա հարկային եկամուտների չափազանց մեծ շեղում է բյուջեի համար, որը, դատելով նախորդ շրջանի միտումներից, մինչև տարեվերջ դեռ կշարունակի խորանալ ու տարեվերջին կարող է հասնել ընդհուպ 190-200 մլրդ դրամի։

Այս իրավիճակից դուրս գալու երկու տարբերակ ունեն՝ նոր պարտքեր ներգրավել նախատեսված ծախսերն անելու համար, կամ կրճատել ծախսերը։

Կառավարությունը կարծես նախապատվությունը տվել է երկրորդ տարբերակին։

Ծախսերը բացահայտ չեն կրճատում, բայց չեն էլ կատարում։ Տարբեր միջոցներով միտումնավոր հետաձգում են, դժվարություններ են ստեղծում, արհեստական դանդաղեցնում են։ Թեպետ դրանով խնդիրը չեն լուծի։ Տարեվերջին պարզվելու է, որ բյուջեով նախատեսված բազմաթիվ ծրագրեր մնացել են թղթի վրա, չեն կատարվել։ Իհարկե, չեն ասի, որ դրանք չեն կատարվել հարկային մուտքերը թերի հավաքելու հետևանքով, բայց իրականությունը դա է լինելու։ Այսպիսի մեծ եկամտային ճեղքը չի կարող խնդիրներ չառաջացնել՝ նախատեսված ծախսերը լիարժեք կատարելու համար։

Թե դրա տնտեսական հետևանքն ինչպիսի՞ն է լինելու, դժվար չէ պատկերացնել։ Մի քանի հարյուր միլիոն դոլարի ծախսեր ու ծրագրեր մնալու են անկատար։

Խոսքը մեր տնտեսության համար բավական մեծ գումարների մասին է։

Այդ գումարները, որոնք տարբեր ծրագրերի միջոցով պետք է մտնեին տնտեսության մեջ ու նպաստեին տնտեսական գործընթացների ակտիվացմանը, չեն մտնելու։ Այն պարագայում, որ վերջին շրջանում գնալով թուլանում է արտաքին միջավայրից տնտեսության վրա փոխանցվող, թեկուզ արհեստական ակտիվությունը, դանդաղում է տնտեսական աճը։

Մեր տնտեսության մեջ առանց այդ էլ գրեթե ներդրումներ չեն կատարվում, ու բյուջետային ծախսերը կարող են ինչ-որ կերպ լրացնել այդ բացը։ Բայց դա էլ չի լինելու։ Ծախսերի ինչ-որ մաս գուցե պահուստային միջոցների հաշվին անեն, սակայն մի զգալի մասը կմնա անկատար։ Հարկերի թերակատարումը մեծացնում է ճնշումը ծախսերի թերակատարման խորացման ուղղությամբ։ Այն մինչև ուր կհասնի, կերևա տարեվերջին։ Արդեն տարվա առաջին կեսի արդյունքներով, նախատեսվածի համեմատ շուրջ 450 մլն դոլարի ծախսեր չէին իրականացվել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս