ՌԴ կառավարությանն առընթեր համալսարանն առաջարկել է անզավակ քաղաքացիների համար 40 հազար ռուբլի հարկ սահմանել
Ռուսաստանում անհրաժեշտ է անզավակության համար հարկ մտցնել և ամսական 30-40 հազար ռուբլի սահմանել, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի սոցիալ-տնտեսական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Զուբեցը:
«Ծնելիությունը և ժողովրդագրությունը բարոյական խնդիր չեն, դրանք հասարակության գոյատևման հարցեր են: Ժողովրդագրության նախագծի արժեքը տարեկան մի քանի տասնյակ տրիլիոն ռուբլի է, որպեսզի այն արդյունավետ լինի: Եվ այս գումարը պետք է ինչ-որ տեղից վերցնել։ Հետևաբար, անզավակության համար հարկ, իհարկե, պետք է սահմանվի, և այդ հարկը պետք է լինի մեծ»,-շեշտել է Զուբեցը НТВ հեռուստաալիքի «Հանդիպավայր» հաղորդաշարի եթերում։
Ըստ նրա՝ 30-40 հազար ռուբլին, որը կվճարեն անզավակները, կարող են օգտագործվել «ուրիշի ընտանիքում լրացուցիչ երեխային» կերակրելու համար։
Միաժամանակ, Զուբեցը համարում է, որ հարկը պետք է վճարեն այն ընտանիքները, որոնք չեն կարող երեխա ունենալ բժշկական պատճառներով, ինչպես նաև մեկ երեխա ունեցող ընտանիքները։ «Եթե ձեր ընտանիքում մեկ երեխա ունեք, այս թերի ընտանիքի համար նույնպես պետք է հարկ մտցվի՝ միայն նվազեցված չափով»,-ասել է Զուբեցը։
Մինչ այս Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանի մասնագետները մշակել էին անզավակության հարկի պարամետրերը։ Առաջարկվող տարբերակով՝ երեխա չունեցող ռուսաստանցիների եկամտահարկը, ինչպես նաև գույքահարկը և ժառանգության հարկը պետք է բարձրացվեն 0,5–5%-ով։
Պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆեդորովն առաջարկել է նաև անզավակ մարդկանցից գանձվող ֆիզիկական անձանց եկամտահարկը ներկայիս 13%-ից կամ 15%-ից պետք է բարձրացնել։ Նա միաժամանակ նշել է, որ երեխաներ ունեցող ընտանիքները յուրաքանչյուր երեխայի համար պետք է շուրջ 30–40 հազար ռուբլի ստանան: Թե որքան պետք է ավելացվի անզավակ քաղաքացիների հարկը, որպեսզի բյուջեն ստեղծի նման վճարումների համար անհրաժեշտ գումարը, դա առանձին հաշվարկ է, ընդգծել է Ֆեդորովը։
Պետդումայի պատգամավոր Անդրեյ Գուրուլյովն առաջինն էր, որն առաջարկեց վերադարձնել անզավակության խորհրդային հարկը։ Այս գաղափարին աջակցել է «Մայրերի խորհուրդ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Տատյանա Բուցկայան։ Դրա հետնապատկերում Պետդումայի ընտանիքի պաշտպանության, հայրության, մայրության և մանկության հանձնաժողովի ղեկավար Նինա Օստանինան զգուշացրել է, որ նոր հարկը ռուսաստանցիների շրջանում իշխանությունների հանդեպ վախ և անվստահություն կառաջացնի։
Ըստ РБК-ի՝ ՌԴ կառավարությունն ու Պետդուման նման հարկի ներդրման հնարավորությունը դեռևս լրջորեն չեն քննարկում։