Ինչո՞ւ է թուրքական կողմը նման հայտարարություն անում Փաշինյանի՝ Մոսկվա այցից անմիջապես հետո. Տաթևիկ Հայրապետյան
ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. ««Վերջին օրերին հայկական կողմի հետ կապված դրական լուրեր են հայտնվել Զանգեզուրի հարցով, իսկ մանրամասները պարզ կդառնան մոտ ապագայում»,- ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Նա մասնավորապես նշել է. «Զանգեզուրի միջանցքը Բաքու-Թբիլիսի-Կարս գծի այլընտրանքն է կամ երթուղի, որը մեծացնելու է դրա թողունակությունը։ Մի նախագիծ է, որը մենք կազմել ենք որպես Կասպիցով անցնող Ադրբեջանից դեպի Հայաստան կամ Իրան, այնտեղից էլ Նախիջևան և Դիլուջու, Իգդիր, Կարս [գնացող գիծ]։
Ադրբեջանական կողմի կարևոր հատվածները կառուցվել են, Նախիջևանի կողմում առկա գծի վերականգնման աշխատանքներն սկսվելու են, Թուրքիայի կողմի 224 կմ-ի տենդերն անցկացրել ենք, հաջորդ տարի ենք սկսելու»։
Պատասխանելով այն հարցրին՝ Իրանով թե՞ Հայաստանով է անցնելու այն, Ուրալօղլուն նշել է, որ այդ բանակցություններն ադրբեջանական կողմն է վարում, սկզբում Իրանի դեպքում բավականին առաջընթաց էր գրանցվել, ապա պնդել, թե վերջի օրերին հայկական կողմի հետ կապված զարգացում կա։
«Կարծում եմ առաջիկա գործընթացում դա էլ կհստակեցվի, և ամենակարճ ճանապարհով Ադրբեջանին և հետևապես թյուրքական աշխարհին կկապվենք»,- ընդգծել է թուրք նախարարը։
Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ է թուրքական կողմը նման հայտարարություն անում Փաշինյանի՝ Մոսկվա այցից անմիջապես հետո։ Եվ չե՞ք կարծում արդյոք, որ եթե սա զուտ ապատեղեկատվություն է, ապա հայկական կողմը պետք է արձագանքի այս հայտարարությանը»։