Բաժիններ՝

Կինոակադեմիան պետք է վերանայի որոշումը․ Հայտարարություն

Կինոակադեմիան պետք է վերանայի որոշումը․ հայտարարություն՝ «1489» ֆիլմն «Օսկարին» չներկայացնելու հետ կապված.

Հայաստանի ազգային կինոակադեմիան չի ընտրել Շողակաթ Վարդանյանի «1489» վավերագրական ֆիլմը՝ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությանը Հայաստանը ներկայացնելու համար։

Ընտրվել է Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը», որը միջազգային ցուցադրություններ չի ունեցել և միջազգային մրցանակների չի արժանացել։

«1489» ֆիլմն արժանացել է վավերագրական ֆիլմերի ամենախոշոր՝ Ամստերդամի վավերագրական միջազգային ֆիլմերի փառատոնի (IDFA) գլխավոր մրցանակին, կինոքննադատների «FIPRESCI» մրցանակին, Տրիեստի ֆիլմերի փառատոնի լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակին, Բուենոս Այրեսի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի (FIDBA) լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակին և մի շարք այլ մրցանակների։

Մասնակցել է 20 փառատոնի ամբողջ աշխարհով մեկ։ Փառատոների և մրցանակների ողջ ցանկը՝ հայտարարության վերջում*

Երկու ֆիլմերն էլ 2023թ. արտադրության են։

tert.am լրատվամիջոցը Հայաստանի ազգային կինոակադեմիայից փորձել էր պարզել, թե ինչ սկզբունքով է ակադեմիան ընտրել «Օսկարին» ներկայացնելու ֆիլմը։

«Ակն ընդ ական» վավերագրողների համայնքը ևս հարցում է ուղարկել՝ իմանալու, թե ինչ չափանիշներով են որոշում, թե որ ֆիլմը պետք է «Օսկարին» ներկայացնի և ինչ մեխանիզմով։

Օրինակ, եթե կինոակադեմիայի անդամներն են որոշում, արդյո՞ք կարող է ակադեմիայի անդամն իր ֆիլմի օգտին քվեարկել։ Ընտրված ֆիլմի ռեժիսորը՝ Էդգար Բաղդասարյանը, կինոակադեմիայի խորհրդի անդամ է, մինչդեռ «1489»-ը Շողակաթ Վարդանյանի առաջին ֆիլմն է, իսկ ինքը՝ կինոակադեմիայի համար անծանոթ ռեժիսոր։

Հարցումը մնացել է անպատասխան։

Ակնհայտ է, թե ինչ մեխանիզմով և ինչ հաշվարկով կկատարվի ընտրությունը, Հայաստանի կինոյի ոլորտում տեղի է ունեցել անարդարություն և ամենահնչեղ, հեղինակավոր և ուժեղ հայկական արտադրության ֆիլմը չէ, որ ներկայացնելու է Հայաստանը «Օսկարում»։

Ավելին, «1489» ֆիլմը 2020թ. Արցախի պատերազմում զոհված Սողոմոն Վարդանյանի մասին է։ Ֆիլմում Սողոմոնի քույրը՝ Շողակաթ Վարդանյանը, հոր և մոր հետ փնտրում են նրան, երբ դեռ նա անհայտ կորածների ցուցակում էր։ Այսինքն, այս ֆիլմն է, որ նկարագրում է Հայաստանը և Հայաստանի բնակիչների՝ մեր, վերջին տարիների վիճակը, ֆիլմը հարգանքի տուրք է բոլոր զոհվածներին, անհայտ կորածներին և նրանց հարազատներին, դրան գումարած՝ ֆիլմի ընդարձակ հաջողությունները։

«Ակն ընդ ական»  վավերագրողների համայնքը Հայաստանի ազգային կինոակադեմիայից պահանջում է վերանայել իրենց որոշումը, վերանայել Հայաստանի անունից օտարերկրյա կինոակադեմիաների մրցանակների համար ֆիլմ ընտրելու կարգը։

Մենք Հայաստանի կինոգործիչներին հորդորում ենք խոսել այս թեմայի մասին, քանի որ ամենալավը նրանք են հասկանում սխալ ընտրության և անարդարության մասշտաբը, որը տեղի է ունեցել Հայաստանի անկախ շրջանի ամենահաջող ֆիլմի հանդեպ։

Հայաստանը կարող էր ստանալ պատմության մեջ իր առաջին «Օսկարը», ասվում է «Ակն ընդ ականի»  տարածած հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս