Մեղադրանք է ներկայացվել քրեական ենթամշակույթ կրող անձին ու ևս երկու հոգու. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Ավարտվել է Երևան քաղաքի 43–ամյա բնակչին պատկանող հողատարածքը անվանափոխելու հարցի հետ կապված քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին դիմելու, շորթման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Գործի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել Քննչական կոմիտեն:
«Ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 47–ամյա բնակիչը ՍՊ ընկերությանը պատկանող՝ Գյուրջյան փողոցում գտնվող հողատարածքի մի մասի վրա անօրինական կերպով կառուցել է շինություն, որի վերաբերյալ տարաձայնություններ է ունեցել հիշյալ ընկերության տնօրենի՝ Երևանի 43–ամյա բնակչի, և վերջինիս եղբոր հետ։
43–ամյա տղամարդը առաջարկել է օրենքով սահմանված կարգով լուծել հիշյալ հասցեում գտնվող հողատարածքի վերաբերյալ ծագած խնդիրը, սակայն 47–ամյա տղամարդը, չհամաձայնվելով վեճի լուծման հիշյալ տարբերակին, դիմել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից անձի՝ նրա անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով, իր ենթադրյալ իրավունքն իրականացնելու համար: Վերջինս, օգտվելով իր քրեական աստիճանակարգության կարգավիճակից, խնդիրը լուծելու պատրաստակամություն է հայտնել։Քրեական ենթամշակույթ կրող հիշյալ անձը, 47–ամյա տղամարդու և մի խումբ անձանց հետ, 2024 թվականի հունվարից մարտ ամիսների ընթացքում, գնացել են վերոնշյալ հողատարածք, որտեղ հանդիպել են ՍՊ ընկերության տնօրենին և նրա եղբորը։ Հիշյալ անձինք, նախնական համաձայնությամբ, գիտակցելով և փոխլրացնելով միմյանց գործողությունները, նշված հողատարածքը 47–ամյա տղամարդու անվամբ անվանափոխելու վերաբերյալ պահանջ են ներկայացրել եղբայրներին՝ վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, այն է՝ հողատարածքի նկատմամբ իրավունքը 47–ամյա տղամարդուն չհանձնելու դեպքում՝«սպանել» նրանց»,- նշված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա քրեական ենթամշակույթ կրող անձին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։ 47–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, ևս մեկ անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։Հիշյալ երեք մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է։
Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: