Բոլորիս քաղաքացիական պարտքն է վաղը մասնակցել Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքին. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին Նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ինչու՞ է անհրաժեշտ մասնակցել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով վաղը՝ հոկտեմբերի 6-ին կայանալիք հանրահավաքին, և արդյո՞ք մեր մասնակցությունը կարող է ներդրում ունենալ մեր հասարակության և պետության ճակատագրի փոփոխության հարցում։
Սրանք հարցեր են, որոնց մեզանից յուրաքանչյուրը պետք է պատասխանի` անկախ ունեցած կասկածներից, թերահավատությունից կամ հիասթափությունից:
Եթե նույնիսկ թերահավատորեն ենք վերաբերվում Բագրատ Սրբազանի կոչերի անկեղծությանը, նույնիսկ եթե կարծում ենք, որ Սրբազան շարժումը կորցրել է իր արդիականությունը, մենք պարտավոր ենք մտածել ավելի խորքային հետևանքների մասին: Եթե մեզ մտահոգում են գործող իշխանությունների հակապետական և ապազգային ծրագրերը, վարքագիծն ու գործողությունները, ապա հանրահավաքին մասնակցությունն ինքնին արդեն հանդիսանում է մեր քաղաքացիական դիրքորոշումն ու մտահոգությունները արտահայտելու միջոց։ Միևնույն ժամանակ, պետք է հստակ գիտակցել, որ հանրահավաքների հաջողությունը զգալիորեն կախված է մասնակիցների քանակից ու գեներացված էներգետիկայից։ Հենց ցույցերի և հանրահավաքների զանգվածային մասշտաբն է դրանց տալիս քաղաքական նշանակություն և ուժ։
Նման միջոցառումների կազմակերպիչները սովորաբար մշակում են գործողությունների մի շարք սցենարներ, որոնք կախված են մարդկանց մասնակցության և գեներացված էներգետիկայի մակարդակից: Մեր մասնակցությունը կօգնի ձևավորել այս էներգետիկան և հնարավորություն կտա շարժման առաջնորդներին ընտրել ընդհանուր նպատակին հասնելու նախանշված սցենարներից ու ռազմավարություններից լավագույնը:
Այսպիսով, մեր բոլորի քաղաքացիական պարտքն է` մասնակցել հանրահավաքին, նպաստել ակտիվ քաղաքացիական դիրքորոշման ձևավորմանը և շարժման կազմակերպիչներին տրամադրել անհրաժեշտ ազդակ: Մեր հրապարակային գործողություններն ու աջակցությունը կարող են ստեղծել այն կրիտիկական զանգվածը, որն անհրաժեշտ է պետությունում իրավիճակը փոխելու համար։ Միասին, միասնության, համերաշխության և համախմբման վրա հիմնվելով է միայն հնարավոր ցուցադրել մեր պատրաստակամությունը` պաշտպանելու մեր պետության ու հայրենիքի շահերը»: