Մինսկը Տիխանովսկայայի խորհրդական Ֆրանակ Վյաչորկային ներառել է «ահաբեկիչների» ցուցակում
Բելառուսի պետական անվտանգության ծառայությունն «ահաբեկիչների» ցուցակում է ներառել Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի միջազգային հարաբերությունների գծով ավագ խորհրդական Ֆրանակ Վյաչորկային, հայտնում է «Ազատության» բելառուսական ծառայությունը։
Հունիսի 20-ին Բելառուսի դատարանը նրան հեռակա կարգով 20 տարվա ազատազրկման է դատապարտել՝ խիստ ռեժիմի գաղութում և տուգանել 18 հազար 340 դոլարով:
Մինսկը նրան մեղադրում է «իշխանությունը զավթելու կոչերի, դավադրության, զանգվածային անկարգություններ կազմակերպելու, «ծայրահեղական կազմավորում» ստեղծելու և Ալեքսանդր Լուկաշենկոյին զրպարտելու» համար։
Քննչական կոմիտեն Քրեական օրենսգրքի ինը հոդվածներով մեղադրանք է առաջադրել, այդ թվում՝ պետական դավաճանության և Բելառուսը վարկաբեկելելու համար։
Վյաչորկան, մեկնաբանելով իր նկատմամբ կայացված դատավճիռը, ասել է, որ դատարանը մերժել է տեսակապով նիստին մասնակցելու իր խնդրանքը։
«Կարճ ասեմ՝ ինձ թույլ չտվեցին մասնակցել իմ դատական նիստին [տեսակապով] և թույլ չտվեցին ծանոթանալ գործի նյութերին։ Ասում են՝ վերադարձիր Մինսկ», – «Ազատության»-ը փոխանցել է գործիչը։
Նա Բելառուսում հայտնի ընդդիմադիր հասարակական գործիչ է, լրագրող և մեդիա փորձագետ։ Վյաչորկան Տիխանովսկայայի խորհրդականն է 2020 թվականի հոկտեմբերից, իսկ 2006 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ եղել է ընդդիմադիր թեկնածու Ալեքսանդր Միլինկևիչի շտաբից։