Դուք մտնում եք մանիպուլյացիաների, Նիկոլի նարատիվների, հին ու նորի, նախկինի և ներկայի, հասարակության բևեռացման դաշտ. Հենրիխ Դանիելյան
Հենրիխ Դանիելյանը գրում է. «Ես քրիստոնյա հայ եմ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ։ Շատ ցավով այսօր ևս լսեցի Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին, ով 2018-ին սատարում էր Նիկոլ Փաշինյանին և իշխանազավթման մասնակից էր դարձել, երբ Նիկոլի մարդիկ դագաղներով և պսակներով այցելում էին մարդկանց տները։ Շատ մեծ հիասթափությամբ լսեցի նրան, երբ նա, սրբազան շարժման ժամանակ բազմիցս երթեր առաջնորդեց, հետո ասաց, որ Բագրատ Սրբազանի հետ կապ չունի, չի սատարել և չի սատարում նրան։ Երբեք չեմ անդրադարձել այս երևույթներին։ Հիմա նա ասում է հետևյալը․
1) Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է թողնի Հանրապետական կուսակցությունը և ինչպես պատահական մտավ այնտեղ, այդպես էլ պատահական դուրս գա և հեռանա։
Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան
2) Հիմա արդեն բացահայտ կասեմ, որ Բագրատ Սրբազանի անհաջողության պատճառը նախկին նախագահների ստվերն է, որից նա չի կարող ազատվել։ Այդ մարդիկ՝ երկրորդ և երրորդ նախագահները, պետք է հայտարարեն քաղաքականությունից հեռանալու և որևէ գործընթացի չմիջամտելու մասին։ Հայրենիքի փրկությունը դա է պահանջում։
Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան
3) Եթե Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը չհայտարարեն հեռանալու մասին, դա կնշանակի, որ իրենք չեն ուզում, որ Նիկոլ Փաշինյանը հեռացվի։ Ժողովրդի մեծամասնությունը իրենց անունը լսել չի ուզում։ Ե՞րբ պիտի նրանք դա հասկանան։
Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան
Հիմա, առաջին անգամ, ես կդիմեմ ձեզ՝ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան։ Դուք ինձ մոտ կասկած եք առաջացնում, որ դուք եք պատահական հայտնվել այդ կարևորագույն տեղում, այդ կարևորագույն կարգավիճակում։ Դուք մտնում եք մանիպուլյացիաների, Նիկոլի նարատիվների, հին ու նորի, նախկինի և ներկայի, հասարակության բևեռացման դաշտ։ Դուք առաջ եք քաշում իշխանական քարոզչամեքենայի թեզերը՝ նրանց, ովքեր ասում էին՝ «Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք», նրանց, ովքեր տվեցին Ղարաբաղը, նրանց, ում աջակցել եք 2018 թվականին։ Ես չեմ մտնի ձեր դաշտ և չեմ իջնի քաղաքական կեղտոտ մեխանիզմներ կիրառող եկեղեցականի մակարդակին։ Ես չեմ պատմի, թե Սերժ Սարգսյանը իր թիմի՝ ՀՀԿ-ի հետ ինչ զրկանքներ է կրել 2018-ից սկսած և ինչ օժանդակություն է ունեցել յուրաքանչյուր Նիկոլի դեմ ձևավորված շարժմանը կամ գործընթացին։ Ես չեմ պատմի, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հայոց բանակի հիմնադիրներից է, ով անկյունաքարային դեր է ունեցել նաև Արցախի ազատագրման մեջ, և չեմ ասի ոչ մի բան՝ այս անգամ ձեզ խնդրելով, որ զբաղվեք մեր հոգեպես վիրավորված հայրենակիցներին օգնելով, որ զբաղվեք քրիստոնեական քարոզով՝ այն է՝ սիրով և համերաշխությամբ, այլ ոչ թե տեղից եղած բևեռացումը ավելի խորացնել մեր հասարակության շրջանակներում։ Ես կոչ եմ անում չներկայացնել հանրությանը իրականությունից հեռու բաները իրականությանը մոտիկ շողքի մեջ։ Ժամանակներ են եղել, որ պետություն չենք ունեցել, բայց եկեղեցի ենք ունեցել, և պահանջում եմ կամ հանել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնող հագուստը և կրել փողկապ ու հանդես գալ որպես քաղաքական գործիչ, վերլուծաբան կամ քաղտեխնոլոգ,կամ վերջ տալ անպատեհ հայտարարություններին: Այլ պարագայում այլևս հաշվի չեմ առնի ձեր կարգավիճակը և կստանաք ձեր հայտարարություններին համապատասխան քաղաքական պատասխաններ։ Ընտրեք»։