Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի 60 մարտիկի և 200 թիրախ ոչնչացնելու մասին
Իսրայելի պաշտպանության բանակին (ԻՊԲ) հաջողվել է օրվա ընթացքում «Հեզբոլլահ» շարժման 60 մարտիկի ոչնչացնել Լիբանանի հարավում ընթացող մարտերում: Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը:
Մասնավորապես, Իսրայելի ռազմաօդային ուժերը խոցել են Բինթ Ջբեյլ բնակավայրում գտնվող շինությունը, որտեղ գտնվում էին «Հեզբոլլահ»-ի 15 մարտիկներ և սպառազինությունների պաշար։ Օդուժը նաև ոչնչացրել է թշնամու զինվորներին, որոնք չկառավարվող հրթիռներ են արձակել Իսրայելի Ռամոն Ռիջի և Լիբանանի տարածքում Իսրայելի պաշտպանության բանակի զինվորականների ուղղությամբ:
Ըստ ԻՊԲ-ի հաղորդագրության՝ ռազմաօդային ուժերը նաև հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ»-ի 200 թիրախների, այդ թվում՝ դիտորդական կետերին, զենքի պահպանման վայրերին և շարժման կենդանի ուժին։
«Հեզբոլլահ»-ն իր հերթին հայտնել է, որ իրենք կանխել են «Ֆաթիմա» հսկիչ անցակետով Իսրայելի պաշտպանության բանակի առաջխաղացումը դեպի Լիբանան:
Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ շարժումը պարզաբանել է, որ հրետանու օգնությամբ հետ է մղել իսրայելցի զինվորականների հարձակման փորձը։
Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Ըստ Լիբանանի կառավարության՝ իսրայելական հարվածներից վերջին մեկ տարվա ընթացքում Լիբանանում գրեթե 1900 մարդ է զոհվել, ավելի քան 9000-ը՝ վիրավորվել, նրանց մեծ մասը՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին հայտարարել է, որ Իսրայելի հարձակումների հետևանքով տեղահանվել է շուրջ 1,2 միլիոն լիբանանցի։