«Խաղաղության պայմանագրում» 300 հազար ադրբեջանցու՝ ՀՀ-ում բնակեցնելու կետ չկա. փոխարտգործնախարար Կոստանյան

Ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին կետ խաղաղության պայմանագրում չկա: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

Հարցին` կարո՞ղ է արդյոք նման հարցի առաջքաշումը «կարմիր գիծ» դառնալ ՀՀ–ի համար, փոխնախարարը պատասխանեց. «Մենք մեր եթերը չպետք է օգտագործենք Ադրբեջանի այս կամ այն մտացածին թեզերը առաջ քաշելու համար»։

Փոխնախարարը վստահեցնում է՝ խաղաղության պայմանագրի բովանդակությունը հանրությունից չի թաքցվում։

«Հանրությունից չի թաքցվում, երեկ էլ պարզաբանումներ հնչեցին։ Այս գործընթացը թափանցիկ է, մենք մշտապես տեղեկացնում ենք գործընթացների մասին, հանդիպումների վերաբերյալ մամուլի հաղորդագրություններ են գրվում, բովանդակություն մասին մշտապես տեղեկացնում են և՛ վարչապետը, և՛ ԱԳ նախարարը»,– ասաց նա։
Կոստանյանի խոսքով՝ այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, բավարար են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ու մնացած հարցերի վերաբերյալ քննարկումները շարունակելու համար։

«Մենք կարծում ենք , որ խաղաղության պայմանագիրը հավելյալ կերպով մեծացնելու է կայունության հնարավորությունները Հարավային Կովկասում»,- հավելեց նա։

ԱԳ փոխնախարարը վստահեցրեց, որ հումանիտար բոլոր խնդիրները, այդ թվում՝ գերիների վերադարձի հարցը, ԱԳՆ-и ուշադրության կենտրոնում են, ու մշտապես, բոլոր հանդիպումների ժամանակ բարձրաձայնում են այդ մասին։

Տեսանյութեր

Լրահոս