Իրանի ամբողջ տարածքում չեղարկվել են ավիաչվերթերը
Իրանի ողջ տարածքում անվտանգության նկատառումներով չեղարկվել են ավիաչվերթերը մինչև հոկտեմբերի 3-ի առավոտյան։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Ջաֆար Յազարլոուին։«Անվտանգության ապահովման նպատակներով և տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված՝ ողջ երկրի տարածքում բոլոր չվերթերը չեղարկվել են մինչև վաղն առավոտյան ժամը 05:00-ն», – ասել է նա:
Հոկտեմբերի 1-ին Իրանն ավելի քան 180 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնց մեծ մասն, ըստ իսրայելական կողմի, խոցվել է։ Իրանն իր հերթին հայտարարել է, որ երկրի զինված ուժերն առաջին անգամ օգտագործել են «Ֆաթթահ» հրթիռներ, և որ իրենց արձակած հրթիռների 90 %-ը հասել են իրենց թիրախներին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է պատասխանել Թեհրանի հոկտեմբերի 1-ի հարվածին՝ նշելով, որ Իրանը «մեծ սխալ է գործել և կվճարի դրա համար»։ Իրանն իր հերթին նախազգուշացրել է, որ եթե Իսրայելը պատասխան միջոցներ ձեռնարկի, ապա Թեհրանի պատասխանն ավելի անողոք կլինի։ Իրանը նաև ցանկացած երրորդ կողմի նախազգուշացրել է չմիջամտել հակամարտությանը։