
Հյուսիսային Կորեան ավելի քան 150 աղբով լի փուչիկ է ուղարկել դեպի Հարավային Կորեա

Հյուսիսային Կորեան դեպի Հարավային Կորեա է արձակել ավելի քան 150 աղբով բեռնված փուչիկ՝ վերջին 10 օրվա ընթացքում առաջին անգամ։ Այդ փուչիկներից մոտ 60-ը վայրէջք է կատարել Սեուլում և նրա շրջակայքում:
Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի Շտաբների պետերի միացյալ հրամանատարության տվյալները:
Փուչիկներին ամրացված աղբի տոպրակների մեջ եղել են պոլիէթիլենային տոպրակներ, թուղթ, պլաստիկե շշեր և այլ կենցաղային աղբ։ Վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել։
Հրամանատարությունը զգուշացրել է, որ եթե Փհենյանի գործողությունները սկսեն «անվտանգության լուրջ սպառնալիք» ներկայացնել Հարավային Կորեայի քաղաքացիների համար կամ եթե ԿԺԴՀ-ն «հատի սահմանը», ապա Սեուլը կձեռնարկի պատասխան «վճռական ռազմական միջոցներ»:
Մայիսի վերջից Հարավային Կորեայում արդեն հաշվել են 23 արձակում, որոնց հետևանքով ԿԺԴՀ-ն Կորեայի Հանրապետություն է ուղարկել ավելի քան 5000 փուչիկ։ Փհենյանը նման քայլի է դիմել՝ ի պատասխան Հարավային Կորեայից հյուսիսկորեացի դասալիքների և ակտիվիստների կողմից ԿԺԴՀ ուղարկվող քարոզչական թռուցիկների։