
Իրանը մոտ օրերս իրադրության կայունացում է ակնկալում Մերձավոր Արևելքում

Իրանի իշխանությունները մոտ ժամանակներս Մերձավորարևելյան տարածաշրջանում իրադրության կայունացում են ակնկալում։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին։
«Երեկ երեկոյան (խմբ.` հոկտեմբերի 1-ին) մենք հարվածներ հասցրինք միայն ռազմական օբյեկտների և ի տարբերություն իսրայելցիների՝ չենք հարվածել քաղաքացիական ենթակառուցվածքի: Մենք մոտ օրերս իրադրության աստիճանական կայունացում ենք ակնկալում տարածաշրջանում», – ասել է նա։
Իսրայելին հարվածներ հասցնելուց հետո Իրանի արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի իր գործընկերների հետ և հայտարարել, որ Թեհրանը չի վախենում պատերազմից, բայց չի ձգտում դրան։
«Գործողությունն ավարտվել է, բայց եթե սիոնիստական վարչակարգը փորձի պատասխան միջոցներ ձեռնարկել, ապա մեր պատասխանը կլինի ավելի անողոք: Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում լարվածության սրման և պատերազմի, թեև չի էլ վախենում պատերազմից», – ասել է Արաղչին։
«Մենք ցանկացած երրորդ կողմի նախազգուշացնում ենք չմիջամտել այս հակամարտությանը», – հավելել է դիվանագետը: