«Երկի՛րդ ուրացիր, աթոռդ պահիր. ահա սա է այս իշխանազավթների ընտրած ֆորմուլան». Աննա Մկրտչյան

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հայտարարեց՝ իհարկե, ավելի հաճելի կլիներ, եթե ԱԺ ամբիոնից իր ամբողջ ելույթը նվիրեր երկրի անցյալի հաղթանակներին, արժանապատիվ երկրին ու երբեմնի ձեռքբերումներին։

«Իհարկե, ինձ համար շատ ավելի հաճելի կլիներ խոսել հայկական բանակի հաղթանակների, պարտված, նվաստացած թուրք-ադրբեջանցիների մասին։ Կուզենայի նաև ունենալ օբյեկտիվ հնարավորություն՝ անդրադառնալու երբեմնի արտաքին քաղաքականությանը, որը հեշտությամբ, աշխարհի ամենաբարձր ամբիոներից գրողի ծողն էր ուղարկում ցանկացած հակահայկական օրակարգ։

Վստահ եմ, որ ձեզ էլ հպարտության հիշողություններ կպարգևեի, եթե ուղղակի լսեիք, որ ինչ-որ մեկն այս ամբիոնից կխոսեր Հայոց ցեղասպանության, հզոր հայկական սփյուռքի մասին, կասեր, որ Ուրարտուից մինչև Արևմտյան Հայաստան, Վանա լճից մինչև Արարատ լեռ՝ ոչ թե սպառնալիքներ են, այլ հազարամյակներով մեզ հասած հայկական ժառանգություն, հայ ժողովրդինը, և հենց դա է հայոց պատմությունը»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր։

Աննա Մկրտչյանի խոսքով՝ այսօր ՀՀ ներկա իշխանազավթները հանդգնում են ոտնձգել նաև ժողովրդի ապագային, ունեն այլ ծրագրեր՝ ջնջել բոլոր այս հիշողությունները, սպանել և «2018 թվականին իրենց կողմից փողոց հանած դագաղների մեջ դրանք թաղել»։

Կարդացեք նաև

«Հիմա Հայաստանի իրականությունը բոլորովին այլ բանի մասին է, հիմա իշխանազավթների մոտ հայկական դիվանագիտությունը՝ Ալիևից մինչև Էրդողան խոնարհվելու միջակայքն է, դե, հիմա այդպես է։

Հիմա այլևս մենք Հայաստանի ղեկավարից չենք լսելու ՄԱԿ-ի ամենաբարձր ամբիոնից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման մասին։ Չենք լսելու, որ արցախահայերի նկատմամբ թուրքերն ու ադրբեջանցիներն իրականացրել են ցեղասպանություն ու էթնիկ զտում, որ 150 հազարից ավելի արցախահայերի նկատմամբ թուրքերն ու ադրբեջանցիները տարիներ շարունակ իրականացրել են ահաբեկչություն։

Չենք լսելու, հարգելի հայրենակիցներ, որովհետև այդ ամենը պետք է ՀՀ-ին, ոչ թե իշխանազավթներին, նրանց խնդիրն է՝ փնտրել իրենց ապագան և ոչ թե՝ Հայաստանի ապագան։ Իրենց ապագայի ֆորմուլան արդեն բոլորին հայտնի է, և իրենց իսկ ոճով դա այսպես կհնչի՝ երկի՛րդ ուրացիր, աթոռդ պահիր, աթոռդ պահիր, երկիրդ ուրացիր»,- եզրափակեց Աննա Մկրտչյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս