Նիկոլն անասնական վախ ունի Ալիևից. արտագաղթի քարտեզն առել է ձեռքը՝ ընկել քուչեքը. Սամվել Նիկոյան

Ադրբեջանը խնդրահարույց է համարում Հայաստանի Սահմանադրության նախաբանը, պահանջում, որ Հայաստանը գնա սահմանադրական փոփոխության: Ադրբեջանի այդ պահանջի ֆոնին ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է, որ Սահմանազատման կանոնակարգը համապատասխանում է Սահմանադրությանը և որոշման մեջ անդրադառնում հենց Սահմանադրության նախաբանին՝ ընդգծելով, որ ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ուղղակիորեն ամրագրված շրջանակից  դուրս Հռչակագրի որևէ դրույթի սահմանադրական (առավել ևս՝ Սահմանադրության անփոփոխ)՝ դրույթի իրավական ուժով օժտված լինելու ուղով շարժվելու հետևանքային ազդեցությունը՝ «սահմանադրական երկիշխանության» վտանգի ներուժով, Հռչակագիրը վերածելու է «զավակին խժռող ծնողի»։

ՍԴ որոշումը կարդալուց հետո ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանի մոտ տպավորություն է, որ ՍԴ դատավորներն իրավաբանական կրթություն չունեն:

«Խոսում են սահմանադրական նորմերի մասին, բայց օգտագործում են ոչ իրավական տերմիններ: Իմ կարծիքով՝ գրել՝ տվել են, ասել են՝ կարդացեք: ՍԴ դատավորը «զավակին խժռող ծնող» տերմինը չէր կարող օգտագործել»,-168TV «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

«Նիկոլն ունի անասնական վախ Ալիևից. այդ վախի արդյունքում նա ինչ պահանջում է՝ Նիկոլը կատարում է: Իշխանության գալուց հետո, առավել ևս՝ պատերազմից հետո, շատ տարածքներ խոնարհաբար զիջում էր, իսկ երբ Ալիևը Սահմանադրության փոփոխության պահանջ դրեց՝ մտածում էինք՝ Նիկոլ ինչպե՞ս է դա անելու, որովհետև նա անպայման պետք է զիջեր: Ձևը գտան»,-ընդգծեց նա՝ շեշտելով՝ այս որոշմամբ ՍԴ-ն օժանդակում է ադրբեջանական ագրեսիային:

Կարդացեք նաև

«Իրենք ասում են՝ ընտանիք ենք պահում. էդ փողը որ տանում՝ երեխեքին եք կերցնում, բացատրեք նրանց, որ սա ձեր հայրենիքի գինն է, այս հացը որ ուտում եք՝ մեր կողմից ծախված հայրենիքի գինն է, առեք՝ կերեք: Մնում է՝ երեխեքը հասկանան դա»,- ասաց Նիկոյանը:

Թեև Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ տարածքային պահանջներ են տեսնում Ադրբեջանի Սահմանադրության մեջ, բայց դա խաղաղության պայմանագիր ստորագրելու նախապայման չեն դարձնում:

«Նիկոլն ո՞վ է, որ Ադրբեջանից որևէ բան պահանջի, նա անասնական վախ ունի: Երբ երկու շուն կռվում են, մեկը մյուսին գզում է, չկա որևէ դեպք, որ այդ շունը գնա և փորձի մրցակցել, բայց մեր ժողովուրդը՝ այդ սատանայական թվով 660 հազարը, նորից որոշեց, որ Նիկոլը պետք է գնա՝ Ալիևի դեմ իրենց շահերը պաշտպանի: Այսպես է պաշտպանում, ձեզ ծախում է, ձեր և մեր երեխեքի արյունը վաճառեց, հիմա էլ հայրենիքն է վաճառում, որովհետև ունի ձեր նման հենարան: Մեր թշնամին սատանա է, այստեղ գտել է իրեն հարմար գործընկեր՝ Նիկոլին, որը ևս սատանա է: Պահանջների վերջնակետ չկա, թշնամին այսպիսին է, մի բարձունք գրավեց՝ չի բավարարվելու, դա կօգտագործի մնացածը գրավելու համար: Պատմությունը դա է ցույց տվել: Իրենք դա չեն հասկանում, ամեն օր մի բան զիջում են: Իսկ նրանք վերցնում ու օգտագործում են մեր դեմ, ինչպես ՍԴ այս ճառը, այնպես էլ ցանկացած դիրք, որ նա զիջել է: Յուրաքանչյուր նոր զիջում ավելի է թուլացնում մեզ և ավելի ուժեղացնում թշնամուն և նրա ախորժակն ավելի է բացում»:

Սամվել Նիկոյանի խոսքով՝ գործող իշխանությունների համար վտանգավոր է մտածող և վերլուծող մարդը. «Դրա համար ամենաստոր, ամենատխմար և տգետ քարոզչությունը, որ կարող է ծիծաղ առաջացնել, օգտագործում են, որովհետև գիտեն, որ կան մարդիկ, որ դրա գերին են, որ անընդունակ են ինքնուրույն մտածել, կան մարդիկ, որ հայրենիք չունեն: Ասում են՝ հանկարծ չմտածեք, ով խոսի՝ մեր այս թեզերն օգտագործեք: Մտածող մարդը իրենց համար վտանգավոր է»:

Նա շեշտեց՝ բոլորը պետք է հասկանան մի բան՝ մարդկության ամբողջ պատմությունը պատերազմների պատմություն է. «Պատերազմները ազգի, ժողովրդի կենսագործունեության, կենսատարածքի մասին են: Դուք նայեք՝ ո՞ր երկրներն են այսօր հզոր և կարողանում աշխարհի ճակատագիրը լուծել՝ ովքեր ունեն բավարար չափով կենսատարածք: Չունե՞ս կենսատարածք՝ չես կարող գոյություն ունենալ: Այդ 29.800 քառակուսի մետրի քարտեզը որ առել է ձեռքը, ընկել է քուչեքը, բոլորին ցույց է տալիս, դա ընդամենը արտագաղթի քարտեզ է, ուրիշ բան չէ: Մենք 42 հազար քառակուսի կիլոմետրը համարում էինք այն տարածքը, որի վրա անկախ պետություն գուցե կարողանա գոյություն ունենալ, իսկ այն, ինչ ինքն առել և ցույց է տալիս, անկախ պետության համար բավարար տարածք չէ, ինչքան էլ ինքն ասի, որ անկախ է: Որ անկախ ես, ինչո՞ւ ես գնացել, խոնարհվել Էրդողանի առաջ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս