ՀՀ պաշտպանության ժամանակ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաև ՊՊԾ-ի վրա
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա տարածելու մասին օրինագծին։
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 27-ի նիստում ներկայացրեց Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանը։
Նրա խոսքով՝ «Պաշտպանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի համաձայն՝ Պետական պահպանության ծառայությունը դասվում է այլ զորքերի շարքին, իսկ նույն հոդվածի մեկ այլ մասով պատերազմի և ռազմական դրության ժամանակ զինված ուժերում ընդգրկվում են նաև ՊՊԾ զինծառայողները՝ մասնակցելով մարտական գործողությունների, մարտական հերթապահության և կատարելով հատուկ առաջադրանք։
ՊՊԾ պետի տեղակալը նշեց, որ «Հատուցման գումարների վճարման կարգը» վերտառությամբ հոդվածում թվարկված են այն գերատեսչությունները, որոնք պետք է հիմնադրամ ներկայացնեն շահառուների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը։
Օրենքի դրույթները, մինչև ԱԱԾ-ից առանձնանալը, տարածվում էր նաև ՊՊԾ-ի վրա, իսկ հատուցման անհրաժեշտության դեպքում հիմնադրամ պետք է ներկայացվեր ԱԱԾ-ի կողմից։
Հաշվի առնելով՝ Պետական պահպանության ծառայության՝ ԱԱԾ կառուցվածքում չլինելը և հանդիսանում է վարչապետին ենթակա մարմին հանդիսանալը, ինչպես նաև համապատասխան հոդվածով սահմանված գերատեսչությունների թվում ՊՊԾ բացակայությունը, հատուցման անհրաժեշտություն առաջանալու պարագայում կարող է խոչընդոտ առաջանալ շահառուներին գումարի վճարմանը։
Այդ հանգամանքով պայմանավորված՝ օրինագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածվեն նաև ՊՊԾ զինծառայողների վրա: