Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից հետո հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակութային ժառանգությունը վերացման սպառնալիքի տակ է. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը:

«Հարգարժա’ն նախարարներ,

Գերազանցություններ,

Հարգելի՛ պատվիրակներ

Ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը: Հայաստանի Հանրապետության անունից և որպես այս կարևոր հանդիպման նախագահող՝ կցանկանայի իմ ամենաջերմ ողջույնի խոսքը հղել ձեզ՝ որպես մարդկության պատմության, մշակույթի և ժառանգության բնօրրաների ներկայացուցիչներ:

Ես կցանկանայի սկսել մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ այս ֆորումի նախորդ նախագահ, մեր հարգարժան գործընկերոջ և ընկերոջ՝ Իրանի նախկին արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի, ով ողբերգականորեն մահացել է այս տարի մայիսին ուղղաթիռի աղետի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրանց ուղեկցող պատվիրակության անդամների հետ միասին:

Շնորհակալություն։

Հայաստանն արժևորում է այս ֆորումը՝ որպես միջմշակութային երկխոսության և աշխարհի հնագույն քաղաքակրթությունների համագործակցության համար կարևոր հարթակ։ Միավորվելով մեր՝ հին ժառանգությունը պաշտպանելու և խթանելու համատեղ հանձնառության շուրջ՝ մենք խրախուսում ենք խաղաղության և ոչ բռնության մշակույթ։

Հարգարժա՛ն գործընկերներ,

Ներկայումս աշխարհը բախվում է աննախադեպ մարտահրավերների, ժառանգության և մշակութային բազմազանության նկատմամբ աճող թիրախավորումների և պատմական ինքնությունների ու արմատների ժխտման: Կեղծ մշակութային նարատիվներն օգտագործվում են որպես զենք՝ արդարացնելու տարածքային պահանջները և բորբոքելու հակամարտություները՝ խարխլելով տուժած պետությունների անվտանգությունը, կայունությունը, սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացումը։ Ի դեմս այս վտանգների, հրամայական է, որ մենք ամրապնդենք մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված գործող հաստատությունները։

Այս առումով Հայաստանն ընդգծում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ որպես ՄԱԿ-ի առաջատար գործակալության կենտրոնական դերը մշակութային ժառանգության պաշտպանության և մշակույթը խթանելու գործում՝ որպես երկխոսության և խաղաղության խթանման, բռնության մերժման հզոր գործիք։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարողությունների ընդլայնումը, փորձագիտական ներուժի ավելացումը և մոնիտորինգի գործիքների կատարելագործումը կարևոր նշանակություն ունեն այս ջանքերում։ Մենք գիտակցում ենք նաև այլ հիմնական շահագրգիռ կողմերի կարևոր դերը, ինչպիսին է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքը, խաղաղության մշակույթը խթանելու և այլատյացության ու անհանդուրժողականության դեմ պայքարում.

Այս հաստատությունների հետ մեկտեղ «Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը» զգալի ներուժ ունի լուծելու մեր առջև ծառացած մարտահրավերները՝ խթանելով միջմշակութային և միջկրոնական երկխոսությունը, հարգանքը քաղաքակրթական բազմազանության նկատմամբ, խաղաղությունն ու անվտանգությունը խթանելու հարցում ներառականությունը, կայուն զարգացումը և մարդու իրավունքները: Մենք հավաստացած ենք, որ ֆորումը կարող է ավելի կարևոր դեր խաղալ համաշխարհային մարտահրավերներին արձագանքելու գործում:

Հայաստանն առաջարկում է դիտարկել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի կարողությունների ամրապնդումը՝ միջազգային հարթակներում նրա տեսանելիությունն ու ազդեցությունը բարձրացնելու համար։ Լսելի դարձնելով ֆորումի և նրա անդամ երկրների ձայնը, մենք կարող ենք հասնել ավելի համակարգված և արդյունավետ համագործակցության՝ առաջ մղելու մեր ընդհանուր նպատակները:

Հարգելի’ գործընկերներ,

Այս տարի լրանում է «Զինված հակամարտությունների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 70-ամյակը: Այս նշանակալի հանգրվանը հնարավորություն է տալիս վերահաստատելու մեր հավատարմությունը հիմնարար սկզբունքներին, որոնք առաջնորդում են մեր գործողությունները հակամարտությունների և հետկոնֆլիկտային ժամանակաշրջաններում մշակութային ժառանգության պահպանման գործում: Հայաստանը սույն Կոնվենցիան համարում է մշակութային ժառանգության պաշտպանության առաջնային միջազգային փաստաթղթերից մեկը և լիովին հավատարիմ է մնում դրա համապարփակ իրականացմանը:

Այս կարևոր տարելիցը նշելու համար Հայաստանը, համագործակցելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, այս տարի՝ հոկտեմբերի 28-29-ին, Երևանում անցկացնելու է փորձագիտական հանդիպում։ Հանդիպումը կենտրոնանալու է նոր և զարգացող տեխնոլոգիաների ներուժի վրա՝ դիմակայելու մշակութային ժառանգության պահպանության ոլորտում առկա բարդ մարտահրավերներին։ Ջերմորեն հրավիրում ենք Ֆորումի անդամ պետություններին՝ խրախուսելու իրենց առաջատար փորձագետներին՝ մասնակցելու երևանյան հանդիպմանը, որի շրջանակներում նրանք կարող են կիսվել փորձով և համագործակցել նորարարական նախագծերի շուրջ։

Հարգարժա’ն գործընկերներ,

Ցավոք, Հայաստանն անմասն չի մնացել աշխարհակարգի ներկայիս վայրիվերումների հետևանքներից՝ բախվելով աճող անհանդուրժողականության, այլատյացության և մշակութային ժառանգության ոչնչացմանը։

Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից հետո հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակութային ժառանգությունը վերացման սպառնալիքի տակ է: Այս առումով Հայաստանը մեծապես աջակցում է Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագետների առաքելության անհապաղ ուղարկելուն՝ վտանգված հայկական մշակութային ժառանգության գնահատման, փաստաթղթավորման և պաշտպանության համար:

Հայկական մշակութային և կրոնական վայրերի, արտեֆակտների դիտավորյալ և համակարգված ոչնչացումը, պղծումն ու յուրացումը հանդիսանում է Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանորեն պարտադիր որոշման ուղղակի խախտում, որն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր դեպքերը, որոնք անդրադառնում են հայկական մշակութային ժառանգությանը՝ ներառյալ եկեղեցիները և այլ կրոնական կառույցները, հուշարձանները, տեսարժան վայրերը, գերեզմանոցները և արտեֆատկները:

Մեծարգո՛ գործընկերներ,

Մեր համոզմունքն է, որ մեր համատեղ հանձնառության շնորհիվ մենք կարող ենք գերազանցել քաղաքական և աշխարհագրական սահմանները՝ կառուցելով փոխըմբռնման կամուրջներ, որոնք հակազդում են բաժանման և հակամարտության ուժերին։ Ընդգծելով մեր ընդհանուր մշակութային ձեռքբերումները և պահպանելով յուրաքանչյուր քաղաքակրթության եզակի ներդրումները՝ կարող ենք օգնել՝ ստեղծելու մի աշխարհ, որտեղ բազմազանությունը բարձր է գնահատվում, և պատմական հիշողությունը հարգվում է։

Եզրափակելով՝ ուզում եմ սիրով հրավիրել ձեզ մասնակցելու Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ հանդիպմանը, որը կանցկացվի 2024 թվականի դեկտեմբերի 18-ին Հայաստանում։

Մաղթում եմ բոլորին արդյունավետ նիստ՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նպատակներն առաջ մղելու համար:

Շնորհակալություն»,- ասված է ելույթում:

Տեսանյութեր

Լրահոս