Բրիտանիան իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Լիբանանից
Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը երկրի քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Լիբանանից, որտեղ սրվել է հակամարտությունն Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման միջև։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Սթարմերը հայտնել է, որ Միացյալ Թագավորության քաղաքացիները պետք է «անհապաղ հեռանան»։
«Շատ կարևոր է, որ մենք այս հարցում հստակ լինենք՝ հիմա է հեռանալու ժամանակը», – հավելել է նա։
Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը 700 զինվոր է ուղարկում մոտակա Կիպրոս՝ պատրաստվելու Լիբանանից Բրիտանիայի քաղաքացիների հնարավոր տարհանմանը։ Կառավարությունը նաև շարունակում է խորհուրդ տալ, որ երկրի քաղաքացիները չմեկնեն Լիբանան։ Սեպտեմբերի 23-ից, Գազայի հատվածում ընթացող ռազմական գործողություններին զուգահեռ, Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանին։ Ըստ երկրի առողջապահության նախարարության՝ Լիբանանի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 569 մարդ, այդ թվում՝ 50 երեխա։ 1835 մարդ վիրավորվել է։ Լիբանանի հարավից տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել։