
Telegram-ն իշխանություններին կտրամադրի որոշ օգտատերերի տվյալներ

Telegram-ն օգտատերերի IP հասցեներն ու հեռախոսահամարները կփոխանցի իշխանություններին, եթե նրանք ունեն խուզարկության հրաման կամ այլ վավերական իրավական հարցումներ: Այս մասին սեպտեմբերի 23-ին իր Telegram ալիքում գրել է ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Պավել Դուրովը։
Նրա խոսքով՝ ծառայության պայմանների և գաղտնիության քաղաքականության փոփոխությունը «պետք է հետ պահի հանցագործներին»։
«Չնայած Telegram-ի օգտատերերի 99,999 %-ը կապ չունի հանցագործության հետ, 0,001%-ը, որը ներգրավված է ապօրինի գործողությունների մեջ, վատ պատկեր է ստեղծում ամբողջ հարթակի համար՝ վտանգի տակ դնելով մեր գրեթե մեկ միլիարդ օգտատերերի շահերը», – հավելել է նա:
Դուրովը ֆրանսիական իշխանությունների կողմից օգոստոսին ձերբակալվել էր Փարիզ ժամանելուց հետո: Նրան մեղադրանք է առաջադրվել իր մեսենջերի միջոցով հանցավոր բովանդակության տարածմանը չհակազդելու համար։